Հայաստան

Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից

4 րոպեի ընթերցում

Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը փակվել է ժամանակավոր. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ն փակվել է ժամանակավոր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ ծննդատունը փակելու որոշմանը գնացել են ֆինանսական խնդիրների ի հայտ գալու պատճառով, սակայն կա  այն վերաբացելու հանձնարարական: 

Անդրադառնալով ծննդատունը փակելու որոշմանը՝ Կարապետյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության ծրագրում կա ծննդատների մակարդակների վերանայում, որը որոշվել է կառավարության  մակարդակով: Այդ շրջանակներում նախարարությունը ռազմավարությամբ սահմանված կետերով խախտումներ է հայտնաբերել և կասեցրել է «Քանաքեռ-Զեյթուն ծննդատան» գործունեությունը: 

«Ծննդատունը 2020 թվականից  հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին:   2022 թվականից հավատարմագրային կառավարիչը իր պարտավորությունները չի կատարել, և Երևանի քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթացը, ընթացել է  դատական գործընթաց, որն  ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին:  

Ծննդատան վերահսկողությունը 2024 թվականի մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ  հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է դրա գործունեությունը: 

Այն  բացասական բալանսով աշխատող հիմնարկ էր, կային աշխատավարձերի պարտքեր: Աուդիտ իրականացնել ևս  հնարավոր չէր, քանի որ հավատարմագրային կառավարիչը ոչ մի փաստաթուղթ մեզ չներկայացրեց: Մենք դիմեցինք դատախազություն, որտեղ մեզ մերժեցին՝ ուղղորդելով դատարան, այժմ դատարան մտնելու գործընթացի մեջ ենք»,-ասաց նա: 

Կարապետյանն ընդգծեց՝ ծննդատան գործունեության կասեցման պատճառով գնացին հարկադիր պարապուրդի, որի համար բոլոր  գրանցված 58 աշխատակիցները ստացան իրենց վճարումները, ինչպես նաև  իրենց՝ տարինեի ընթացքում կուտակված վերջնահաշվարկը: 

Ըստ Կարապետյանի՝ այդ հիմնարկի նկատմամբ քաղաքային իշխանությունների որևէ պարտավորություն այս պահին այլևս չկա: 

«Ինձ հանձնարարված է վերաբացել ծննդատունը, բայց վերաբացելու համար մի քանի ծրագիր պետք է իրականցվի, որոնք այժմ քննարկվում են:  Մենք չէինք կարող  այս իրավիճակին զուգահեռ  որևէ գործընթաց իրականացնել, քանի որ կային պարտքեր և բողոքներ: Իրականում այժմ էլի կան մարդիկ, որ ունեն աշխատավարձի պարտքեր, բայց դա քաղաքապետարանի պարտավորությունը չէ, նրանք աշխատել են հավատարմագրային կառավարչի մոտ, այդ մարդկանց մի քանի ամիս աշխատավարձեր չեն վճարել:  Դա հավատարմագրային կառավարչի պարտավորությունն է, և ես այդ աշխատակիցներին առաջարկել եմ դիմել դատարան»,-  նշեց Դավիթ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի խոսքով՝ այժմ իրավաբանների հետ մշակում են համապատասխան նյութերը, որպեսզի դիմեն դատարան՝ հավատարմագրային կառավարչից պահանջելով չկատարված պարտավորությունները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում