Հայաստանում եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրումից հետո մինչև հունվարի 15-ն արդեն 61 հազարից ավելի քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել, որից 4200 քաղաքացի օգտվել է մինչև 100 հազար դրամ գումարի հետվճարի ծառայությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն՝ անդրադառնալով եկամուտների հայտարարագրման համակարգի արդեն իսկ առկա տվյալներին։
«61 հազար քաղաքացուց մոտավորապես 4200 քաղաքացի այդ հայտարարագիրը լրացնելուց հետո օգտվել է մինչև 100 հազար դրամ գումարի հետվճարի ծառայությունից։ Դուք կարող եք ընդամենը կարճ գործողության արդյունքում ձեր նախորդ տարվա ծախսերից որոշակի հետգանձում ստանալ, այս թվերը փաստում են դրա մասին»,-ասաց Գաբրիելյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ այդ ցուցանիշները շատ կարևոր են՝ վստահություն հայտնելով, որ այդ թվերն ավելի կաճեն, իսկ քաղաքացիները կընդունեն և կընկալեն հայտարարգրման բուն նպատակը։