Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ԱՄՆ-ի կողմից եվրոպական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հնարավորության առնչությամբ կարծիք է հայտնել, որ առևտրային պատերազմը չի բխում ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ԱՄՆ-ի շահերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Սանչեսը հայտնել է CNBC հեռուստաալիքին։
«Մենք ամուր անդրատլանտյան կապեր ունենք.... Մեր տնտեսությունները շատ փոխկապակցված են, և ես կարծում եմ, որ առևտրային պատերազմը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ ԵՄ-ի շահերից։ Մենք պետք է կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես ամրապնդենք մեր անդրատլանտյան հարաբերությունները, որոնք այժմ ավելի կարևոր են, քան երբևէ», - ասել է Սանչեսը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ավելացնել ԵՄ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, եթե նրանք չմեծացնեն ամերիկյան նավթի և գազի գնումների ծավալները։
Ըստ POLITICO-ի՝ Լոնդոնը և Բրյուսելը պատասխան քայլեր են պատրաստել, եթե Թրամփը որոշի բարձրացնել մաքսատուրքերը ԵՄ-ից և Բրիտանիայից ներկրվող ապրանքների նկատմամբ։