Միացյալ Նահանգներ

Պանաման բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Թրամփի հայտարարությունների դեմ

2 րոպեի ընթերցում

Պանաման բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Թրամփի հայտարարությունների դեմ

Պանամայի ղեկավարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, որտեղ հայտնում է, որ չի ընդունում Պանամայի ջրանցքի պատկանելության հարցի և այն ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու մտադրության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պանամայի արտաքին գործերի նախարարությունը։

«Պանաման նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ելույթի ժամանակ նրա արած հայտարարությունների առնչությամբ, երբ նա խոստացավ, որ ԱՄՆ-ն կվերադարձնի Պանամայի ջրանցքը: Նյու Յորքում ՄԱԿ-ում Պանամայի դեսպան Էլոյ Ալֆարո դե Ալբան կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հասցեագրված նամակում  հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն՝ երկրները պետք է իրենց հարաբերություններում ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից  ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ 

Հունվարի 20-ին Թրամփը, երդմնակալության խոսքով ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի կենտրոնական դահլիճում՝ Ռոտոնդայում, կրկին հայտարարել է Պանամայի ջրանցքը «հետ վերցնելու»  մտադրության մասին։ Նա պնդել է, որ ջրանցքի վերահսկողությունը Պանամային վերադարձնելը «անմիտ նվեր էր, որը պետք չէր անել»: Թրամփի կարծիքով՝ «Չինաստանն է կառավարում  Պանամայի ջրանցքը»։

Պանամայի ջրանցքը, որը շահագործման է հանձնվել 1914 թվականին, կառուցվել Միացյալ Նահանգների կողմից և գտնվել է նրա վերահսկողության ներքո։ 1977 թվականին Տորիխոս-Քարթերի պայմանագրով որոշվել է ջրանցքի փուլային փոխանցումը Պանամային, որն ավարտվել է 1999 թվականին։ Համաձայնագիրը նախատեսել է ջրանցքի չեզոքությունը և մատչելիությունը համաշխարհային առևտրի համար։ Այսօր այն մնում է կարևորագույն երթուղի համաշխարհային տնտեսության համար և ԱՄՆ-ի շահերի առանցքային օբյեկտներից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում