«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները

5 րոպեի ընթերցում

Ռուսական լրատվամիջոցներում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է «Ջերմուկ Գրուպ» ընկերության տարածած հայտարարությունում:

«Ռուսական լրատվամիջոցներով «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ոչ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից իրականացված) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:  

Հայկական ընկերությունն ամբողջությամբ անհիմն է համարում մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը, ընդգծելով, որ Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ»-ը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված կողմ:

«Ջերմուկ Գրուպ»-ը հայտնում է նաև, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացրել ստուգումների արդյունքներին հիմնված համապատասխան ապացույցներ:

«Բազմաթիվ ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Վերը նշված ապացույցների բավարար լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։ Հուսով ենք՝ քրեական գործի օբյեկտիվ քննության արդյունքում ևս մեկ անգամ կփաստվի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության անմեղությունը»,- նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ձեռնարկատեր Օլեգ Գուսովի այրին և երկու դուստրերը 1.5 մլրդ ռուբլու հայց են ներկայացրել «Ջերմուկ Գրուպ» ընկերության դեմ՝ այն հիմնավորելով պնդմամբ, որ ընտանիքի հայրը մահացել է «Ջերմուկ»-ի շշի պարունակության օգտագործման հետևանքով ստացած այրվածքներից: Հրապարակումներում նշված է, որ հանքային ջրի շշում եղել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար։ Հաղորդվում է, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Գուսովը մահացել է «քիմիական տրավմայով պայմանավորված էկզոտոքսիկ շոկից՝ հեմոլիտիկ թույնով (քացախաթթու) թունավորումից»։ 

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ հայցվորների ներկայացուցիչներն ուսումնասիրել են հանքային ջրերի շշալցման արտադրություններում կիրառվող տեխնոլոգիաները և կարծում են, որ քացախաթթուն շշում հայտնվել է արտադրական գործընթացի խախտման արդյունքում:

Նշված է, որ հայցով պատասխանողներն են «Ջերմուկ գրուպ» (Երևան) ընկերությունը, այն Ռուսաստանում ներկայացնող «Ջերմուկ հանքային ջուր» ընկերությունը և անհատ ձեռնարկատերերը, որոնք առնչվել են այդ ապրանքի փոխանցմանը: Տուժող կողմը պահանջում է նաև դադարեցնել հանքային ջրի վաճառքը՝ մինչև պաշտոնապես չպարզվի, թե ինչպես է քացախաթթուն հայտնվել շշում։

Ռուսաստանից հնչած մեղադրանքներին արձագանքել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որտեղից «Արմենպրես»-ին, մասնավորապես, հայտնել էին. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

Հունվարի 22-ին նաև հայտնի է դարձել, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքի առթիվ ՌԴ-ում հարուցված քրեական գործը կասեցվել է։ 

Հայերեն Русский

Ազովի ծովի ափից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և ջրիմուռներ

Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրեց հայտարարագրման նպատակը

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրադրության սրման առնչությամբ

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ

Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի․ կնքվել է հուշագիր

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/01/25

Ասիական ինդեքսներ - 22/01/25

Իսրայելը քրեական պատասխանատվություն է սահմանում 2023 թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունները ժխտելու համար

Ինչ փոփոխություններ է առաջարկվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ներկայացված նախագիծը