Ավտոմեքենաների ապահովագրավճարներն ու հատուցման չափերն անցած տարի աճել են

6 րոպեի ընթերցում

Անցած տարվա նոյեմբերի վերջի դրությամբ միջին ապահովագրավճարը մոտ 40 հազար դրամ է կազմել, որը 2023 թվականի 11 ամսվա համեմատ աճել է մոտ 5-6 տոկոսով։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը՝ հավելելով, որ միաժամանակ 12,5 տոկոսով աճել է նաև գույքային հատուցումների միջին չափը։ 

Անդրադառնալով ապահովագրավճարների աճի պատճառներին՝ Եղիազարյանը նախ նշեց, որ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ըստ բիզնես մոդելի, դասակարգում է ապահովադիրներին՝ համապատասխան չափանիշներով սահմանելով սակագները։

«Մի ընկերություն շատ խմբերի է բաժանում, մյուսը՝ քիչ, տարբեր չափանիշներ հաշվի առնելով, օրինակ,  որտեղ է գտնվում մեքենան, վարորդի տարիքը, փորձը, մեքենայի մոդելը և այլն։ Դրանից էլ ձևավորվում է սակագինը։ Այդ ամենն իրականացվում է հրապարակային, որպեսզի մարդիկ կարողանան իմանալ, թե ինչու է այդպես ստացվում։ Մեծ կամ փոքր լինելը կախված է իրենց բիզնես-մոդելից։ Մի ընկերություն, օրինակ, մարզերում տարածվածություն ունի, որտեղ կարողանում է ավելի լավ պայմաններ առաջարկել, որպեսզի ունենա մրցակցային առավելություն, մյուսն էլ՝ հնարավոր է մարզերի համար մի քիչ ավելի բարձր սակագին  սահմանի, որ ավելի շատ Երևանում սպասարկում իրականացնի։Մեկ այլ ընկերություն ցանկանում է քիչ ռիսկի դիմել, թեկուզ քիչ եկամուտ ունենալով, ուստի ավելի քիչ ռիսկային ապահովադիրներին է լավ սակագին առաջարկում»,-պարզաբանեց Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը՝ կարևորելով գործող «ASWA» համակարգը, որտեղ  առցանց պայմանագիր կնքելու համար  հնարավոր է գտնել և ընտրել այն ապահովագրական ընկերությունը, որի առաջարկն ավելի հարմար է։

Շարունակելով խոսքը՝ Եղիազարյանը մանրամասնեց, որ ապահովագրական ընկերությունները Հայաստանում ի սկզբանե վնասով են աշխատել, մինչդեռ ապահովադիրների մոտ 60 տոկոսի համար ապահովագրավճարը բավականին նվազել էր։

«Երբ սակագնային քաղաքականությունն ազատականացվեց, ընկերությունները փորձեցին շատ գրավիչ առաջարկներ անել, թեկուզ՝ ի վնաս իրենց, որի արդյունքում վնասով էին աշխատում։ Հավաքագրված վճարների 90 տոկոսը և ավելին հատուցմանն էին ուղղում, մինչդեռ՝ աշխատավարձեր պիտի տային, բազմաթիվ գործառնական ծախսեր անեին, հարկեր վճարեին»,-բացատրեց Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ ԱՊՊԱ ոլորտում ունեցած փորձը՝ ի տարբերություն մի շարք այլ երկրների, Հայաստանում հնարավորություն տվեց ապահովագրավճարների քաղաքականության ազատականացումից հետո հաճախորդամետ մնալ։ 

«Այսինքն՝ գները ոչ թե միանգամից բարձրացան, այլ հակառակը՝ միանգամից իջան, իսկ հետո մի քիչ աճեցին, որպեսզի տրամաբանական բիզնես առաջարկ արվի»,-ասաց Եղիազարյանը։

Ըստ նրա՝ ապահովագրական ընկերությունները ներկայում էլ շարունակում են վնասով աշխատել․ ավելի շատ վճարել հատուցման համար, քան՝ հավաքագրած ապահովագրավճարներն են։

Մասնավորապես՝ անցած տարվա նոյեմբերի դրությամբ ապահովագրական ընկերությունները ստացված վճարների 81,5 տոկոսը հատկացրել են հատուցումներին, իսկ մնացած մասը ծառայել է հարկերի, աշխատավարձերի վճարմանը, գործառնական ծախսերին և այլն։ 

Խոսելով ոլորտում կատարված այլ փոփոխություններից՝ Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը ընդգծեց վնասի չափի շեմի բարձրացումը պատահարի կողմերի միջև համաձայնագրի կնքման համար։

Նախկինում համաձայնագիրը կնքվում էր մինչև 200 հազար դրամի չափով վնասի դեպքում, ներկայում այն դարձել է 400 հազար դրամ։

Արդյունքում, ըստ Եղիազարյանի, համաձայնագրերի կնքման ցուցանիշն աճել է մոտ 4 տոկոսով։

«Դրա նպատակն այն էր, որ պատահարների հետևանքով առաջացած խցանումները մի քիչ կրճատվեն։ Այդուհանդերձ, միայն դրանով դժվար է հասնել կրճատման։ Այդ ուղղությամբ մենք անցած տարի բազմաթիվ այլ քայլեր ենք ձեռնարկել, ոստիկանության հետ տարբեր քննարկումներ են եղել, որպեսզի պատահարների դեպքում, մասնավորապես, հնարավորինս օգտագործվեն խաչմերուկների տեսանկարահանող սարքերը։ Այսինքն՝ դրա առկայության դեպքում մարդիկ կարող են զանգահարել ոստիկանություն, տեղեկացնել պատահարի մասին և, եթե   այդտեղ կա սարքը, կարելի է մի կողմ տանել վթարված մեքենաները, որից հետո ոստիկանը կգա ու կգրանցի։ Հիմա այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,-հայտնեց Եղիազարյանը։

Բացի այդ՝ նախատեսվում է զարգացնել ծրագրային համակարգերը, որպեսզի վարորդները կարողանան հեռախոսում ներբեռնելու եղանակով նկարահանել վթարված ավտոմեքենաների հեռավորությունները, դիրքերը, իսկ ծրագիրը կիրականացնի համապատասխան հաշվարկները։ 

«Այդ ամենը միտված է լինելու, որ հնարավորինս կարճ տևի պատահարից հետո մեքենաների մնալը երթևեկելի մասում»,-ընդհանրացրեց Եղիազարյանը։

Հայերեն