Տնտեսություն

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին

Հայաստանի ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: 

Գևորգյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա հունիսի 11-ին Հայաստանի կառավարությունը և ԱՄՆ-ն կնքեցին համապատասխան պայմանագիր, որով մաքսային մարմինները տեղեկատվության փոխանակման որոշակի ռեժիմ կունենան: 

«Սա կարևոր ձեռքբերում է թափանցիկության խթանման և տեղեկատվության փոխանակման ոլորտում: Սրանով չի սահմանափակվում ՀՀ-ի մաքսային ծառայության և ԱՄՆ-ի մաքսային ծառայության և այլ գերատեսչությունների համագործակցությունը: Տվյալների փոխանակումից բացի ԱՄՆ կառավարության հետ նաև մեծ վերազինման նախագծեր ունենք: Այդ բոլոր գործընթացները պատշաճ կերպով առաջ են գնում»,-ասաց Գևորգյանը:

Նա հույս հայտնեց, որ այս տարի որոշակի սահմանային անցման կետերում էական բարելավումներ կլինեն՝ նաև օգտագործելով ԱՄՆ կառավարության տրամադրած աջակցությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում