Բժշկական կազմակերպություններն այսուհետ լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ. Ավանեսյան

2 րոպեի ընթերցում

Բժշկական կազմակերպությունների լիցենզավորման ողջ գործընթացի պարբերականության մեջ իրականացվել են փոփոխություններ. փոփոխված օրենքի համաձայն՝ այսուհետ բժշկական կազմակերպությունները լիցենզավորվելու են ամեն հինգ տարին մեկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ նշելով, որ սա տալու է հնարավորություն պարբերաբար հավաստիանալու, որ բժշկական կենտրոնը համապատասխանում է նոր պահանջներին:  

«Հաջորդ քայլը  լիցենզավորման կանոնների վերանայումն է թե՛ վիրաբուժական, թե՛ ամբուլատոր, թե՛ կոսմետոլոգիական և այլ  ծառայությունների մասով: Այս պահին ամբողջական լիցենզավորման պահանջների վերանայված փաստաթուղթը գտնվում է շրջանառության մեջ, ըստ որի պահանջները խստացվելու են:  Երբ  հայտնաբերվում են խնդիրներ, միանշանակ մեր կողմից կասեցվում  են լիցենզիաները: Վերջերս նույնպես ունեցել ենք կասեցված լիցենզիաներ, որի շրջանակում այդ կազմակերպությունները այլևս չեն կարող իրականացնել իրենց գործունեությունը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն ընդգծեց՝ Հայաստանում կոսմետոլոգիական  և պլաստիկ վիրաբուժական ծառայությունները բավական զարգացած են, դրանք  նաև համարվում են բժշկական տուրիզմի կարևոր ճյուղ, այդ իսկ պատճառով նախարարության առաջնահերթությունների ցանկում են:

 

Հայերեն