Բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ ԻԻՀ քաղաքացու հետ, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 10-ին Իրանից մաքսանենգ ճանապարհով իրացնելու նպատակով Հայաստան են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։
«Մասնավորապես, սույն թվականի հունվարի 10-ին Մեղրի համայնքի հարակից տարածքում հանցավոր խմբի անդամները նախապես ընտրված թաքստոցից վերցրել են դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից հայ-իրանական պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի խմբաքանակը, որը պատրաստվում էին տեղափոխել Երևան»,- նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ՀՀ քաղաքացիներ Ռ․Ս.-ն, Ա․Ա.-ն և Կ․Ս.-ն ձերբակալվել են և իրենց ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության վարչական տարածք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված՝ համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնված քրեական վարույթով կատարված խուզարկության արդյունքում ավտոմեքենաներից մեկում հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց, որից 8 կգ «Մարիխուանա» և 2 կգ «Մետամֆետամին» տեսակի։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Ռ․Ս.-ի, Ա․Ա.-ի և Կ․Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։