Քաղաքականություն

Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին

2 րոպեի ընթերցում

Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցու­թյամբ: Համոզված եմ, որ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում՝  Ձեր առաջնորդությամբ Լիբանանը կվերագտնի կայունության, խաղաղության ու բարեկեցու­թյան ուղին: 

Հայաստանն ու Լիբանանն ունեն բարեկամության հարուստ ավանդույթներ՝ հիմնված պատմամշակութային սերտ կապերի և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա: 

Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: 

Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ: 

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք էլ ավելի խորացնել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկրների և երկու բարեկամ ժողովուրդների: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության մեջ, իսկ Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում