Փորձագետը նշել է, թե որ դեպքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առջև առկա է աշխարհաքաղաքական երկու խնդիր։ Մեկը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, մյուսը՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը,  ու թեև վերջին ամիսներին դրա ինտենսիվությունը բավականաչափ նվազել է, և արդեն կա հրադադարի մասին համաձայնություն «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև, բայցևայնպես Մերձավոր Արևելքում ճգնաժամը շարունակվում է։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի քաղաքական ժառանգություն է ստացել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և ինչպիսի դրսևորումներ կունենա ամերիկյան աշխարհաքաղաքականությունը մոտ ապագայում։  

«Բոլորս տեսանք, թե 2024 թվականի դեկտեմբերին ինչ տեղի ունեցավ Սիրիայում, որտեղ իրավիճակը դեռ բավականաչափ անկայուն է՝ սկսած ռազմական գործողություններից պրոթուրքական և քրդական ուժերի միջև, վերջացրած Թուրքիայի կողմից հավանական լայնածավալ ռազմական գործողությունների իրականացմամբ Սիրիայում քրդական ուժերի դեմ»,- ասաց Պողոսյանը։

Դիտարկելով այլ ուղղությունները՝ նա հավելեց, որ Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները շարունակում են մնալ լարված, և այդ ոլորտում Բայդենը շարունակեց Թրամփի քաղաքականությունը, քանի որ վերջինս 2018-19 թվականներին սկսեց առևտրային պատերազմը Չինաստանի դեմ՝ սահմանելով պատժամիջոցներ, սահմանափակումներ հատկապես առաջատար տեխնոլոգիաների արտահանման ոլորտում։ Այս ընթացքում էական փոփոխություններ չեն եղել, թեև կողմերը փորձում են ինչ-որ կերպ կառավարել իրենց հակասությունները, ինչի վկայությունն են երկու գերտերությունների ղեկավարների հանդիպումները, որոնցից վերջինը տեղի ունեցավ 2023 թվականին Սան Ֆրանցիսկոյում։

«Թրամփն իր երկրորդ նախագահության շրջանում ավելի շատ հնարավորություններ ունի՝ ազատվելու ամերիկյան քաղաքական վերնախավի կապանքներից, որովհետև արդեն ավելի փորձառու է և գիտի, թե ինչպես է աշխատում պետական ապարատը և ինչպես կարող է այն որոշակի խնդիրներ ստեղծել նույնիսկ նախագահի համար՝ դանդաղեցնելով ԱՄՆ-ի ղեկավարի քայլերը, տորպեդահարելով որոշակի նախաձեռնություններ։ Այդ ամենին Թրամփն արդեն ծանոթ է, հետևաբար հիմա նրա համար ավելի հեշտ կլինի իրականացնել իր արտաքին քաղաքականությունն ու, եթե լինի անհրաժեշտություն, նաև կոտրել քաղաքական բյուրոկրատիայի դիմադրությունը, առավել ևս, որ Սենատում և Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ունեն մեծամասնություն»,- ասաց փորձագետը։ 

Նրա համոզմամբ՝ հիմնական բարձրաստիճան պաշտոնների հաստատման գործում Թրամփը լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ուստի պաշտոնավարման երկրորդ շրջանում կարող է ավելի հեշտությամբ իրականացնել իր սեփական տեսլականը, քան 2017-20 թվականներին էր։ Այդուհանդերձ, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ Պողոսյանը շեշտեց, որ Թրամփին չի հաջողվի այն հանգուցալուծել 24 ժամվա ընթացքում, ինչպես նա հայտարարել էր նախապես։ 

«Գուցե, Թրամփն իր երդմնակալության օրն ինչ-որ հրամանագրեր ստորագրի ապօրինի ներգաղթյալների հետ կապված, բայց կոնկրետ ռուս-ուկրաինական հակամարտության առումով նա հայտարարեց, որ խնդիրը բավականաչափ բարդ է և նշեց նոր ժամկետ՝ վեց ամիս, քանի որ 24 ժամն իրատեսական չէ։ Նրա կողմից ռուս-ուկրաինական պատերազմի հարցով հատուկ բանագնաց գեներալ Քելոգը վերջերս հարցազրույցում նշեց, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում կփորձի եթե ոչ դադարեցնել, ապա գոնե հիմքեր ստեղծել պատերազմի դադարեցման համար։ Ակնհայտ է, որ եթե ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցվի, ապա դա տեղի կունենա 2025 թվականի ամռանից ոչ շուտ»,- պարզաբանեց Պողոսյանը։   

Նրա դիտարկմամբ՝ թեև հասկանալի է, որ ամերիկյան ռազմարդյունաբերությունը տասնյակ միլիարդավոր, եթե ոչ հարյուր միլիարդավոր դոլարների շահույթ է ստանում, ընդ որում՝ ոչ միայն ամերիկյան զենքի վաճառքից Ուկրաինային, այլև շատ եվրոպական պետություններ իրենց մոտ եղած սպառազինությունը փոխանցում են Ուկրաինային և ինտենսիվորեն վերազինվում, ինչի աղբյուրը հիմնականում ամերիկյան ռազմարդյունաբերությունն է, սակայն ԱՄՆ-ի շահը միայն ռազմարդյունաբերության հսկաներին տասնյակ կամ հարյուր միլիարդավոր դոլարների շահույթ տրամադրելը չէ։  Կան այլ խնդիրներ, օրինակ՝ ուժերի կենտրոնացում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի դեմ, հետևաբար միայն ռուս-ուկրաինական հակամարտության վրա կենտրոնանալը խանգարում է ուժերի կենտրոնացմանը։

«Թրամփը՝ որպես գործարար, կփորձի կատարել ծախսերի կամ շահույթների վերլուծություն, որովհետև  ռուս-ուկրաինական պատերազմի շարունակումը թեև մի կողմից կարող է նպաստել ամերիկյան սպառազինության վաճառքին, Ռուսաստանի թուլացմանը, բայց մյուս կողմից էլ ԱՄՆ-ն դժվարությամբ կկարողանա ռեսուրսներ ուղղել Չինաստանի դեմ և կասեցնել ռուս-չինական հարաբերությունների խորացումը։ Ստեղծված իրավիճակում ՌԴ-ին այլ բան չի մնում, քան ավելի ու ավելի շատ հենվել Չինաստանի վրա, որպեսզի կարողանա առնվազն չպարտվել պատերազմում։ Ամերիկացի նախկին շատ պաշտոնյաներ ու վերլուծաբաններ գտնում են, որ եթե Չինաստանի հետ հակամարտության խորացումն անխուսափելի է, ապա ԱՄՆ-ի շահերից չի բխում մրցել կամ պայքարել այն Չինաստանի հետ, որն ունի Ռուսաստանի նման դաշնակից։ Վաշինգտոնի համար ավելի լավ կլինի, որ ՌԴ-ն պահպանի չեզոքություն ԱՄՆ-Չինաստան հակամարտության դեպքում»,- մանրամասնեց փորձագետը։

Անդրադառնալով մեր տարածաշրջանին՝ Պողոսյանն ընդգծեց, որ 2017-20 թվականներին Թրամփը Հարավային Կովկասը չէր համարում կենսական նշանակության տարածաշրջան, սակայն հաշվի առնելով Իրանի սահմանակից լինելը մեր տարածաշրջանին՝ այս կամ այն չափով Հարավային Կովկասը ներգրավվում է ամերիկյան արտաքին քաղաքականության համատեքստում։

«Թրամփը 2018 թվականին չեղարկեց միջուկային գործարքն Իրանի հետ և վարեց այդ երկրի դեմ մաքսիմալ ճնշում գործադրելու քաղաքականություն։ Այդ համատեքստում էլ Հարավային Կովկասը հայտնվեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռադարում։ Չմոռանանք, որ 2018 թվականի աշնանը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան այցելեց Թրամփի այն ժամանակվա անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը։ Նրա հանդիպումների հիմնական նպատակներից մեկն Իրանին ճնշելու հարցում  տարածաշրջանի երկրներից աջակցություն ստանալն էր»,- ասաց Պողոսյանը։

Փորձագետի կարծիքով՝ կա նաև հետխորհրդային հանրապետություններում Ռուսաստանի դիրքերի թուլացման նպատակ, ուստի այդ քաղաքականության համատեքստում ևս Հարավային Կովկասը ԱՄՆ-ի արտաքին քաղաքական հետաքրքրությունների տիրույթում է։ 

«Այդուհանդերձ, Հարավային Կովկասը դժվար թե 2025 թվականին ընդգրկվի Թրամփի կենսական տասը կամ նույնիսկ երեսուն առաջնահերթությունների շրջանակում։ Պարզապես կա Իրանի խնդիր, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կվերսկսի իր մաքսիմալ ճնշման քաղաքականությունն Իրանի նկատմամբ, առավել ևս, որ ԻԻՀ-ն հիմա ավելի թուլացած է, քան 2018-19 թվականներին էր, քանի որ ստացել է մի շարք ռազմավարական հարվածներ։ Նրա ազդեցության ուժերը տարածաշրջանում՝ ի դեմս ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահի», գրեթե ոչնչացված են։ Իրանը  Մերձավոր Արևելքում կորցրել է դիմադրության առանցքի ամենակարևոր օղակը՝ Սիրիան։ Եթե խոսենք բռնցքամարտի տերմինաբանությամբ, Թրամփը կգտնի, որ Իրանին հասցվել են մի քանի նոկդաուններ, հետևաբար եկել է նոկաուտի պահը։ Այդ դեպքում Հարավային Կովկասը նորից կարող է հայտնվել ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց փորձագետը։  

Հայերեն Русский