Վերլուծություն

Հայաստանում հասարակական կարծիքը եվրոպական և եվրասիական ինտեգրման միջև ընտրության առջև է. փորձագետ

12 րոպեի ընթերցում

Հայաստանում հասարակական կարծիքը եվրոպական և եվրասիական ինտեգրման միջև ընտրության առջև է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհն ապրում է քաղաքական և աշխարհաքաղաքական փոխակերպումների գերբարդ ժամանակաշրջանում։ Հարավային Կովկասի տարածաշրջանը Խորհրդային Միության փլուզումից հետո ավանդաբար ընկալվում է որպես հակամարտություններով լի անկայուն տարածաշրջան։ Հիմա, մեր օրերում, այդ անկայունությունն ավելի է խորանում ավելի մեծ տարածաշրջանում ընթացող բարդ գործընթացների պատճառով։ 

Հայաստանի հասարակությանը, փաստորեն, առաջարկվում է մեկ անգամ էլ մտածել եվրասիական ինտեգրման և Եվրոպական Միության հետ խորացող ասոցացման միջև ընտրություն կատարելու վերաբերյալ։ 

Արևմտյան կողմնորոշման կողմնակից քաղաքական կուսակցությունները, հաջողությամբ հավաքելով 50,000-ից ավելի ստորագրություն, իշխանություններից պահանջում են կազմակերպել հանրաքվե Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի շուրջ։ Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները բարեհաճ են վերաբերում ԵՄ-ի հետ կապերը ըստ ամենայնի խորացնելու և ամրապնդելու խնդրին։ Սակայն նրանք հասկանում են, որ այդ ճանապարհին միայն հայտարարություններով և դրական ցանկություններով առաջնորդվելն անհնար է։ Ինչո՞ւ։ Որովհետև Հարավային Կովկասի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը, թելադրում է քայլերի և գործողությունների հերթականություն, որը ոչ միշտ է համահունչ հայկական հասարակության մեջ ուժեղացող եվրոպական նկրտումների հետ։ 

Կուզենայի հիշեցնել, որ 2013թ․, երբ ուսումնասիրվում էր Հայաստանի հասարակության վերաբերմունքը եվրոպական և եվրասիական ինտեգրմանը, պարզվեց, որ մեր բնակչության 70% կարծում էր, որ կարելի է համադրել եվրասիական և եվրոպական ինտեգրման գործընթացները։ Այն հարցին, թե եթե հնարավոր չլինի համադրել այդ երկու գործընթացը, որը կնախընտրի հասարակությունը, ստացվել էր պատասխան, որ 70%-ը կշարժվեր Ռուսաստանի գլխավորությամբ եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելու օգտին։ Հենց այդ հարցումն էլ ընկավ Հայաստանի քաղաքական ղեկավարության Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացի հիմքում։ 

Այսօր, դրանից 12 տարի անց, Հայաստանի հասարակության մեջ տրամադրություններն էապես փոխվել են։ 2020թ․ 44-օրյա պատերազմի և հատկապես 2023թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանության և Հայաստան բռնագաղթի արդյունքում հակառուսական տրամադրությունները (տարբեր պատճառներով) հայկական հասարակության ներսում շատ ուժեղացման։ Տարբեր սոցիոլոգիական կենտրոններ 2024թ․ ընթացքում կատարել են չափումներ, որոնք վկայում են, որ հայ հասարակության մեծ մասը կողմնորոշված է դեպի ԱՄՆ և Եվրոպական Միություն (Ֆրանսիա)։ Ռուսաստանը Հայաստանի բարեկամների աղյուսակում զգալի նահանջ է ապրել։ Այն այլևս չի դիտարկվում որպես Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կայունության միակ երաշխավոր։ Ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման և էական ամրապնդման արդյունքում Հայաստանում այլևս քչերն են հավատում, որ ռուսները կարող են պաշտպանել հայկական պետականությունը հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էքզիստենցիալ թվացող դարավոր հակամարտության մեջ։ Հենց դա է թելադրում Հայաստանի իշխանություններին հետևողական քայլեր կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հատկապես կարևորվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրը, ինչը հասկանալի կերպով ճանապարհ կբացեր Թուրքայի հետ նույնպես հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և  ճանապարհները վերագործարկելու համար։ 

Հայաստանում հասունանում է ներքաղաքական բանավեճ այն հարցով, թե պետք է արդյոք շարունակել ակտիվորեն մասնակցել եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին։ 2023 և 2024թթ․ արդյունքում հայկական խոշոր բիզնեսը շատ մեծ օգուտներ ստացավ Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ (Մեծ Չինաստան) ոսկի և ադամանդներ վերաարտահանելու արդյունքում, 2025թ․ սպասվում է արտաքին առևտրական գործարքների ավելի համեստ ցուցանիշներ։ Տարբեր վարկանիշային հեղինակավոր միջազգային կառույցները (Համաշխարհային բանկը, Միջազգային արժույթային հիմնադրամը, Fitch գործակալությունը, Եվրասիական զարգացման բանկը և այլն) կանխատեսում են առևտրատնտեսական կապերի ավելի համեստ ցուցանիշներ։ Այստեղ է, որ կարող են ուժեղանալ սկեպտիկների տեսակետները, որոնք գտնում են, որ եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանի հնարավորությունները և ցուցանիշները այսուհետև գնալով ավելի համեստ են դառնալու։ Հետևաբար, կարծում են նրանք, օրհասական խնդիր է մտածել Հայաստանի արտաքին առևտուրը էապես դիվերսիֆիկացնելու մասին, որովհետև միայն այդպես է հնարավոր լինելու իսկապես զարգացնել հայկական տնտեսությունը։ 

2013թ․ «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության վերոհիշյալ սոցիոլոգիական հարցման մեջ, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ հետ է կապված Հայաստանի զարգացումը, հարցվածների մեծ մասը պատասխանել էր՝ Ռուսաստանի։ Այն հարցին, թե ում հետ կուզենային զարգացնել կապերը գիտության և կրթության ոլորտում, հարցվածների մեծամասնությունը պատասխանել էր՝ Եվրոպական Միության։ Այսօր, դրանից տասը տարի անց պարզ է դառնում, որ, չնայած Հայաստանի արտաքին առևտրի ծավալները եվրասիական ուղղությամբ մեծացել են տասը անգամ, չորրորդ սերնդի արդյունաբերական հեղափոխության մեծ սպասելիքը այդպես էլ չիրականացավ։ Ավագ սերնդի փորձագետների կարծիքով՝ ինտելեկտուալ աշխատանք կատարող մասնագետների թիվը հետխորհրդային շրջանի Հայաստանում նվազել է ավելի քան 15 անգամ։ Չնվազող արտագաղթը, ծնելիության նվազումը, ամուսնալուծվող ընտանիքների թիվը և այլ սոցիալական հիմնախնդիրներ գալիս են ասելու, որ հասարակության սպասելիքը եվրասիական ինտեգրման գործընթացից շատ հարցերում չի իրականացել։ Հայտնի է, որ եթե ավագ սերունդը կարծում է, որ Խորհրդային միության նմանության վերպետական կառույցի ստեղծումը հետխորհրդային տարածքում Հայաստանի համար կարող էր շատ օգտակար լինել, ապա երիտասարդ սերունդը բացարձակապես այդպես չի մտածում և իր հայացքներով մեծամասամբ ուղղված է դեպի Արևմուտք։ 

Հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ առճակատման խորացումը, ձգձգվող Ուկրաինական ճգնաժամը, նոր հարցականներ են առաջացրել աշխարհի քաղաքական հեռանկարների հարցում։ Հարավային Կովկասի երկրները հասկանում են, որ ամեն րոպե կարող են ներքաշվել նոր հակամարտությունների մեջ, որոնք արձագանք և հետևանք կլինեն Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության։ Հայաստանում այսօր, ինչպես Վրաստանում 22 տարի առաջ կարծում են, որ դառնալով եվրոպական ժողովուրդների ընտանիքի անդամ, և ապրելով եվրոպական օրենքներով, Հայաստանը կարող է ավելի անվտանգ զգալ Հարավային Կովկասի տարածաշրջանում և չեզոքացնել (գոնե մասամբ) թուրք-ադրբեջանական տնտեսական, այնուհետև նաև քաղաքական էքսպանսիայի սպառնալիքը։ Ամեն դեպքում, հայ հասարակության մեջ այսօր մի ներքին ըմբռնում կա, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը չի ապահովագրում մեր երկիրը արտաքին սպառնալիքներից, թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ պայմանագրի բոլոր անդամ-երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի խորը և սերտ հարաբերություններ, քան անդամ-Հայաստանի։ Սակայն այստեղ է, որ առայժմ գործում է Հայաստանի քաղաքագետների մեծամասնության այն հորդորը, թե պետք չէ կատարել կտրուկ քայլեր ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ, որովհետև դա կարող է մեծացնել ատելությունը Հայաստանի նկատմամբ և էլ ավելի մեծ չափով վտանգել տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունները։   

Եվ վերջինը։ Վերջին երեք տարիների ընթացքում եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացի շրջանակներում ծավալվող առևտրական աճող գործարքները փաստորեն ստվերել են Հայաստան-Եվրոպական Միություն առևտրի ծավալները։ Բավական էր, որ Հայաստանում արդյունահանվող պղնձի կոնցենտրատը արտահանվի ոչ թե Գերմանիա, Շվեյցարիա կամ Բուլղարիա (ինչպես նախկինում էր), այլ գնա դեպի Չինաստան, և Հայաստան-Եվրոպա առևտուրը աննշան թիվ կկազմի Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր պատկերում։ Ուրեմն ստացվում է, որ վերջին տարիներին, երբ Հայաստանում ավելի շատ են խոսում Եվրոպական Միության հետ կապերն ամրապնդելու և խորացնելու մասին, տնտեսական կապերը հարաբերական իմաստով նվազում են և շատ մեծ չափով զիջում են մեր երկրի արտաքին տնտեսական քաղաքականության հյուսիսային կամ արևելյան վեկտորներին։ Ի՞նչ է պետք անել։ Ամենապարզ դատողություն այն է, որ հարկ է լրջորեն մտածել Եվրոպական Միության հետ առևտրատնտեսական համագործակցությունը մեծացնելու մասին։ Բայց ինչպե՞ս։ Հայաստանի բարեկամ եվրոպական քաղաքական գործիչների բարեկիրթ պատրաստակամությունը դեպի լավը փոխել առկա պատկերը առայժմ հաջողություն չի բերել։ Պարզ լուծումներ այստեղ իմաստ չունի սպասել։ Բայց կարող են լինել բարդ լուծումներ, որոնց օգնությամբ, առանց քանդելու Հայաստանի արտաքին տնտեսական կուտակված ներուժը, հնարավոր կլինի հայկական տնտեսությունը ուղղորդել դեպի Եվրոպա: Առայժմ դժվար է ասել, թե ինչպես. դրա դեղատոմսը դեռևս գտնված չէ, ինչը անորոշ է դարձնում նաև քաղաքական կապերն ամրապնդելու մոտակա հեռանկարը։ 

Հայաստանում լավ հասկանում են նաև, որ Եվրոպական Միության ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ մեծացնելու ուղղությամբ շատ կարևոր է Վրաստանի փորձի ուսումնասիրությունը։ Վրաստանում սպասում են, որ 2030թ․ Եվրոպական Միությունը կքննարկի Վրաստանի անդամակցության հարցը։ Դա կարող է տեղի ունենալ, բայց կարող է նաև տեղի չունենալ։ Եթե անորոշ ժամանակով հետաձգվի Վրաստանի անդամակցության հարցը, դա էապես կթուլացնի եվրոպական ինտեգրման հայաստանցի կողմնակիցների դիրքերը և կստիպի մտածել եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ու խորացման ընդհանուր գործընթացին ավելի ակտիվ ու արմատական մասնակցություն ապահովելու մասին։

Ինչևէ, շատ պարզ է, որ այսօրվա Հայաստանի հասարակական կարծիքը չի ցանկանում արմատական ընտրություն կատարել Եվրոպական Միության (ասել կուզի հավաքական Արևմուտքի) կամ Ռուսաստանի միջև, այլ շարունակում է ճիգեր գործադրել այդ երկու, այսօր իրարամերժ վեկտորները համատեղելու ուղղությամբ։

Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական իշխանությունների վարած կուրսի արդյունավետությունը մոտակա հեռանկարում գնահատվելու է հենց այս տրամաբանության մեջ գործելու արդյունքներով։

 

Անահիտ Սաֆարյան

Վերլուծաբան

Լուսանկարը՝ AP Images/European Union-EP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում