Քաղաքականություն

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է. Հայաստանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է. Հայաստանի ԱԳ նախարար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ ներկայացնելով  կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: 

«Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը ևս շարունակվում է: Բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, առանցքային է սահմանների բացումը, մեր միջև տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը»,–ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ Գյումրի–Կարս երկաթուղու գործարկումը կենսական նշանակություն կունենա: 

Նա հիշեցրեց, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն որոշակի պայմանավորվածություններ: Պայմանավորվել են, օրինակ, համատեղ վերականգնել Անիի կամուրջը: «Սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում: Պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչև այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, սահմանի բացումը նրանց համար և Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն»,-ասաց ԱԳ նախարարը: 

Միրզոյանը նաև հիշեցրեց, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարա անցման կետում, որն արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ սահմանապահ զորքերի ուժերով:  

Միրզոյանը շեշտեց, որ ՀՀ բոլոր սահմանային անցակետերում մարտի 1-ից ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը: ԱԳ նախարարն այս համատեքստում շնորհակալություն հայտնեց ՌԴ գործընկերներին՝ մինչ այս պահն այդ ծառայությունն իրականացնելու համար:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում