ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականը, ինչպես կանխատեսվում էր, բավականաչափ անորոշ և անկայուն տարի եղավ ամբողջ աշխարհի համար, քանի որ արձանագրվեցին էական իրադարձություններ, որոնք ազդեցին ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ առանձին տարածաշրջաններում առկա կարգերի փոփոխության վրա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և կովկասյան տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակներին և հնարավոր զարգացումներին։
«Եթե դիտարկենք տարբեր տարածաշրջաններում ստեղծված իրավիճակները, ապա վերոհիշյալ իրողությունները երևում են ակնհայտ կերպով։ Մասնավորապես ռուս-ուկրաինական համակարծությունը շարունակեց խորանալ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական առումներով։ Այն կարևոր արձանագրումները, որոնք էականորեն ազդեցին այս հակամարտության վրա, առաջին հերթին ռազմադաշտում գրանցված փոփոխություններն են։ Մի կողմից Ռուսաստանը զարգացրեց իր հաջողությունները Դոնեցկի, Լուգանսկի ուղղությամբ, մյուս կողմից արձանագրվեց արդեն ուկրաինական զինուժի կողմից Կուրսկի մարզում որոշակի տարածքների զավթում։ Զուգահեռաբար, տեսանք Ուկրաինայի կողմից ՌԴ-ի թիկունքի ավելի հաճախակի թիրախավորում հատկապես ԱԹՍ-ների միջոցով»,- ասաց վերլուծաբանը։
Նա հավելեց, որ արևմտյան երկրներն իրենց հերթին թույլատրեցին իրենց կողմից տրամադրված սպառազինությամբ թիրախավորել նաև Ռուսաստանի թիկունքը և հատկապես վերջին շրջանում պարբերաբար ականատես եղանք Ռուսաստանի թիկունքային հատվածներում որոշակի թիրախավորումների արդեն ուկրաինական զինուժի հեռահար սպառազինությունների կողմից, ինչը, բնականաբար, զգալիորեն ազդեց ռազմական իրավիճակի վրա՝ ավելի բարդացնելով դրությունը։ Ի պատասխան դրա՝ ռուսական կողմն ավելի մեծացրեց հրթիռակոծություններն արդեն Ուկրաինայի տարածքում՝ ուղղված խոշոր քաղաքների դեմ։
«Այդ համատեքստում գրանցվեց նաև ադրբեջանական քաղավիացիայի ինքնաթիռի խոցումը, որի պատճառով սրվեցին հարաբերությունները Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Առհասարակ, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի քաղաքական-դիվանագիտական գործոնների առումով՝ իրավիճակը նախկինում էլ անորոշ էր և բնականաբար ընթանում է անկայունության և հակամարտության բարդացման ուղիով, ինչը պայմանավորված է կողմերի անզիջում պահվածքով։ Արևմուտքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը տեղ չի թողնում բանակցային գործընթացի առաջմղման համար։ 2025 թվականին գլոբալ անորոշությունը շարունակվելու է»,- նշեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ կան որոշակի ակնկալիքներ ամերիկյան նոր վարչակազմից, քանզի հենց Թրամփի քաղաքականությունն ու դիրքավորումն է, որ կարող է նոր շեշտադրումներ առաջացնել ռուս-ուկրաինական ճգնաժամում։ Եթե ԱՄՆ-ն փոխի իր մոտեցումը և կրճատի Ուկրաինային հատկացվող աջակցությունը, ապա դա որոշակի առումով ավելի կթուլացնի և խոցելի կդարձնի Ուկրաինայի դիրքերը՝ հիմքեր ստեղծելով դիվանագիտական ճնշման և կոնֆլիկտի՝ որոշակի մակարդակում սառեցման համար։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին՝ Պետրոսյանն ընդգծեց, որ տվյալ տարածաշրջանը ներկա անվտանգային իրողությունների և աշխարհաքաղաքական գործոնների պայմաններում ամենից շատ փոփոխություններ ապրած տարածաշրջանն է։
«Մերձավոր Արևելքում ևս տեղի են ունենում խորքային փոփոխություններ, բայց այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է և չկա հանգուցալուծում։ Գազայի պատերազմն այն քողն էր, որի տակ Իսրայելը փորձեց ածանցյալ և անգամ ավելի կարևոր խնդիրներ լուծել։ Ակտիվ պահելով Գազայի հակամարտությունը պաղեստինյան մի քանի խմբավորումների հետ ու ներքաշելով կոնֆլիկտի մեջ նաև այլ դերակատարների՝ Իսրայելը փորձեց 2024 թվականին լուծել թշնամիներից բխող սպառնալիքները։ Գազայի հատվածում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է Իսրայելի կողմից։ ՀԱՄԱՍ-ը, «Իսլամական Ջիհադը» և մյուս խմբավորումներն այլևս կենսունակ տարեր չեն այդտեղ։ Այդուհանդերձ, Իսրայելը չի դադարեցնում պատերազմը՝ զուգահեռաբար լուծելով հավելյալ հարցեր»,- նշեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ այդ հարցերից գլխավորը Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ամբողջովին գլխատումն էր և նրանից բխող սպառնալիքի էական չեզոքացումը, իսկ «Հեզբոլլահը» շուրջ երկու ամիս տևած ռազմական գործողությունների արդյունքում հետ քաշվեց Իսրայել-Լիբանան սահմանից։
«Հաջորդը, բնականաբար, Սիրիայում արձանագրված իրողություններն էին, երբ նաև Իսրայելի գործողությունների համակարգման արդյունքում սիրիական ընդդիմությունը, հակակառավարական տարաբնույթ խմբավորումները կարողացան շատ կարճ ժամանակահատվածում վերցնել իշխանությունն ու տապալել Իսրայելի համար Բաշար Ալ-Ասադի թշնամական վարչակարգը։ Բացի ասվածից, նկատելի է Իսրայելի ակտիվացում նաև եմենական ուղղությամբ, քանի որ Իսրայելը փորձում է զգայուն հարվածներ հասցնել «Անսար-Ալլահ» հութիական խմբավորմանը, որը ևս իրանական դիմադրության առանցքում է և սկսած 2023 թվականի հոկտեմբերից՝ անընդհատ խնդիրներ է ստեղծում Իսրայելի համար»,- ասաց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի գնահատմամբ՝ 2024 թվականին զգալիորեն բարելավվեց Իսրայելի անվտանգային դրությունը, դրան զուգահեռ ակնհայտ ծանր հարված ստացավ իրանական դիմադրության առանցքը, որը տեղակայվել է Իսրայելի անմիջական հարևանությամբ։ Բոլոր գործընթացների արդյունքում ավելի սեղմվեց օղակն Իրանի շուրջ և ավելի մեծացավ դիմակայության հնարավորությունն Իրանի և Իսրայելի միջև՝ չհաշված, որ արդեն իսկ տեղի ունեցան ուղիղ և թիրախավորված հրթիռակոծումներ։
Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանին՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ 2025 թվականը նույն տրամաբանությամբ լինելու է անորոշության տարի նաև մեր տարածաշրջանում, ընդ որում՝ Հարավային Կովկասը կրելու է Մերձավոր Արևելքի և ռուս-ուկրաինական հակամարտությունների ազդեցությունը, որովհետև մեզ մոտ էական ազդեցություն ունեն այդ կոնֆլիկտներում ներգրավված տերությունները՝ Իրանն ու Ռուսաստանը։
«Իրանի դիրքերի թուլացումը, նույն տրամաբանությամբ՝ՌԴ-ի դիքերի թուլացումը կամ ուժեղացումն ուղիղ կերպով անդրադառնալու են նաև Հարավային Կովկասի վրա։ Մի կողմից զիջումների գնալով Մերձավոր Արևելքում՝ չի բացառվում, որ Իրանն ու Ռուսաստանը մեծ կենտրոնացում ապահովեն մեր տարածաշրջանի ուղղությամբ և փորձեն այստեղ թույլ չտալ իրենց դիրքերի սասանում։ Այդուհանդերձ, այս պահին առկա իրողությունների համատեքստում հավանականությունը մեծ է, որ Թուրքիան է փորձելու ակտիվանալ Հարավային Կովկասում և ամրապնդել իր քաղաքական ու տնտեսական ազդեցությունը, եթե Թրամփի վարչակազմը ցուցաբերի որոշակի անտարբերություն կամ ոչ առաջնային հետաքրքրություն Հարավային Կովկասի նկատմամբ»,- ասաց վերլուծաբանը։
Նրա դիտարկմամբ՝ մյուս կարևոր ուղղությունը Թուրքիայի ազդեցությունն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Քանի որ այս պահին չկան ակտիվ միջնորդներ, ուստի չի բացառվում, որ Թուրքիան կփորձի ստանձնել այդ դերակատարումն ու իր ազդեցությամբ հասնել որոշակի հանգուցալուծումների։
«Այս ամենը կանխատեսումներ են 2025-ին ընդառաջ, բայց դրանց իրականացումն էականորեն կախված կլինի այլ տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներից։ Պակաս կարևոր չեն նաև վրացական զարգացումները, որտեղ տեսնում ենք ՌԴ-ի կողմից ազդեցության որոշակի վերականգնման հնարավորություն։ Չի բացառվում, որ Վրաստանում ազդեցության մեծացման և Ադրբեջանի վրա ունեցած ազդեցությամբ՝ Ռուսաստանը մեծ ջանքեր կգործադրի Հայաստանի ուղղությամբ նույնպես ազդեցությունը վերականգնելու համար, ինչը պայմանավորված կլինի նաև ամերիկյան նոր վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության տրամաբանությամբ։ Անկախ ամեն ինչից՝ անորոշությունը մեր տարածաշրջանում ևս խիստ կանխատեսելի է և ամենակարևոր գործոնն է, ուստի հենց այդ անորոշությունն է, որ ընդհանուր իրավիճակի մասով ավելի կոնկրետ կանխատեսումների հնարավորություն չի տալիս»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։