Հայաստան

ԼՂ հայրենակիցների համար 2025 թվականից կգործի նորացված աջակցության ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԼՂ հայրենակիցների համար 2025 թվականից կգործի նորացված աջակցության ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվար ամսվանից Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների համար  կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ  աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։

Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թվականի ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։

«Եթե օգտվել եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թվականի նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝ մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարեկաններ, կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում