Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերականգնվել է պետությանը պատճառված 223 միլիոն 513 հազար դրամ վնասը (շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար):
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման կապակցությամբ Քննչական կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 28-ին քրեական վարույթ չէր նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը դատախազի կողմից չէր հաստատվել և 2024 թվականի օգոստոսի 30-ին հանձնարարվել էր առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:
Արդյունքում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 223 միլիոն 513 հազար դրամ: