ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 23-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի և ստեղծագործական գործունեության համար:
«Շնորհակալ եմ մեր կյանքում Ձեր ներկայության համար: Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. մեծագույն պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը: Երգչախմբային արվեստը, դպրոցն ու ավանդույթը, որ ունենք, զարգանում է՝ շնորհիվ Ձեր անուրանալի ներդրման և մինչ օրս ղեկավարման: Ձեր սահմանած որակական չափանիշը պահելը մեծ պատասխանատվություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ժաննա Անդրեասյանը մաեստրոյին մաղթել է երկար տարիների կյանք:
Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել մեծարանքի և իր վաստակի գնահատման համար և նշել, որ ոլորտի զարգացումը հնարավոր է միմիայն միասնական աշխատանքի շնորհիվ:
Մաեստրոյի տարեդարձն այս տարի նշանավորվել է նրա կառավարմամբ երգչախմբի տարբեր կատարումներով: