ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում 2024 թվականին իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերման, ջերմատնային տնտեսությունների հիմնադրման և այլ ուղղություններում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Ջրաղացպանյանը, 2024 թվականի հունվարի 1-18-ն ընկած ժամանակահատվածում մարզի բոլոր տնտեսություններում իրականացվել են անասնագլխաքանակի համատարած հաշվառման աշխատանքներ:
«Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում մարզում հավաստագրված սերմերով 2619 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա մշակաբույսերով ցանք կատարած 592 շահառուներին ՀՀ կառավարության կողմից որպես սուբսիդիա հատկացվել է 205.7 միլիոն դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 6.2 միլիոն դրամ:
«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ձեռք է բերվել 78 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 25 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 221.3 միլիոն դրամ, սուբսիդավորման գումարը`շուրջ 57.6 միլիոն դրամ:
«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ձեռք է բերվել 8 միավոր սարքավորում, լիզինգի գումարը կազմել է շուրջ 40.7 միլիոն դրամ, սուբսիդավորման գումարը` շուրջ 49.4 միլիոն դրամ:
«ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականին Սևան համայնքի Գագարին բնակավայրում կնքվել է 1 վարկային պայմանագիր՝ շուրջ 3 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: Ջերմատան կառուցման ներդրման արժեքը կազմում է 2.9 միլիարդ դրամ, որից 2.3 միլիարդ դրամ վարկային միջոցների տոկոսադրույքը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից:
2024 թվականին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ծրագրի շրջանակներում կնքվել է 1 վարկային պայմանագիր՝ 3 միլիարդ դրամի չափով՝ 5.49 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: 2025 թվականին նախատեսված է ևս 1.6 միլիարդ դրամի ներդրում՝ 5 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: 2024-2025 թվականների ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 125 նոր աշխատատեղեր: «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է 9 պայմանգիր՝ շուրջ 231 հեկտար տարածք ապահովագրելու նպատակով: