Լեզուն բարեկամության կամուրջ է, որը կապում է Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին. ՉԺՀ դեսպանատանը կայացավ պարգևատրման արարողություն

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում յոթերորդ տարին անընդմեջ պարգևատրվեցին մի խումբ դասախոսներ,  ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ՝ Հայաստանում չինարենի ուսուցման ու դասավանդման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր խոսքում նշեց, որ դեսպանատունը տվյալ միջոցառումը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա տարեվերջին և դա նշանակալի իրադարձություն է Հայաստանում չինարեն լեզուն դասավանդող, ուսումնասիրող ուսուցիչների և ուսանողների համար: 

Չեն Մինի խոսքով՝ պարգևատրման նպատակն է՝ խթանել Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներին ու լեզուն ուսումնասիրող ուսանողներին առավել արդյունավետ դասավանդել և սովորել չինարեն, ինչպես նաև ոգեշնչել նրանց այս գործում: 2018 թվականից ի վեր ավելի քան 200 ուսուցիչներ և ուսանողներ արժանացել են այս պարգևատրմանը, իսկ միջոցառման ազդեցությունը շարունակաբար մեծանում է:

«Չինաստանը և Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ և մշակույթով: Մեր երկրների միջև ավանդական բարեկամությունը խոր արմատներ ունի, իսկ նոր դարաշրջանում նոր կյանք և էներգիա է ստանում: Վերջին տարիներին Չինաստանի և Հայաստանի միջև հումանիտար շփումները խորանում են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունը էլ ավելի է սերտանում: Լեզուն կարևոր դեր է խաղում մեր երկրների միջև բարեկամության զարգացման և փոխըմբռնման ամրապնդման գործում: Այն դառնում է բարեկամության կամուրջ, որը կապում է Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին, նպաստում փոխըմբռնմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը»,- ասաց ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը: 

Նա ուրախությամբ արձանագրեց, որ անցած տարի Հայաստանում չինարեն լեզվի միջազգային ուսուցումը զարգացել է դինամիկ տեմպերով, իսկ չինարենի ուսումնասիրման նկատմամբ հետաքրքրության այսպես ասված «բումը» ավելի ու ավելի է մեծանում: Հայաստանում, հատկապես երիտասարդության շրջանում ընդլայնվում է չինարենի ուսումնասիրությունը՝ չինական մշակույթին ավելի մոտիկից ծանոթանալու ցանկությամբ: 

«Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը, Կոնֆուցիոսի դասասենյակները և այլ չինարենի ուսուցման կենտրոններ հաջող գործունեություն են ծավալում: Չինարենի ուսուցումը աստիճանաբար ընդլայնվում է Երևանից դեպի մարզեր, իսկ գրանցված ուսանողների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 5000-ը: Չինարենի դասագրքերի տեղայնացման գործընթացը Հայաստանում հաջողությամբ առաջ է գնում: «Ուրախ չինարեն» դասագրքի երրորդ հատորը արդեն լույս է տեսել հայերեն լեզվով, ինչը հայ ուսանողներին ավելի մեծ հարմարավետություն է հաղորդում չինարենի ուսումնառության համար:Շատ հայ ուսանողներ իրականացրել են իրենց երազանքը սովորելու Չինաստանում տարբեր կրթաթոշակային ծրագրերի միջոցով՝ ընդունվելով Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ»,- տեղեկացրեց Չեն Մինը: 

Այս տարվա ընթացքում ՉԺՀ դեսպանությունը և Կոնֆուցիոսի ինստիտուտը կազմակերպել են տարբեր մշակութային միջոցառումներ, ինչպիսիք են «Չինարենի կամուրջ» մրցույթը, Ուսում և աշխատանք Չինաստանում ցուցահանդեսը, Չինարենի միջազգային օրը և այլ միջոցառումներ: Չինարենի դասավանդման ձևերը դառնում են ավելի բազմազան, իսկ բովանդակությունը՝ ավելի հագեցած: Այսօրվա Դեսպանատան պարգևատրման արարողությունը կազմակերպվել է՝ խրախուսելու և պարգևատրելու բոլոր նրանց, ովքեր անցած տարվա ընթացքում կարևոր ձեռքբերումներ են ունեցել չինարեն լեզվի ուսուցման և ուսումնառության գործում: 

«Հույս ունեմ, որ բոլոր մրցանակակիր ուսուցիչներն ու ուսանողները ավելի մեծ ոգևորությամբ կշարունակեն չինարենի ուսումնասիրությունը և դասավանդումը՝ ոգեշնչելով իրենց ընկերներին ու ընտանիքի անդամներին սովորել չինարեն, ճանաչել Չինաստանը, ակտիվ մասնակցել Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը և ներդրում ունենալու երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ: Չինաստանի դեսպանատան անունից, ուզում եմ ջերմորեն շնորհավորել բոլոր մրցանակակիրներին, շնորհակալություն հայտնել բոլոր աշխատասեր ուսուցիչներին և ջանասեր ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցում են Հայաստանում չինարեն լեզվի ուսուցման զարգացմանը»,- ասաց Չեն Մինը՝  շնորհավորելով բոլորի գալիք Նոր տարին: 

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն իր հերթին նշեց, որ օտար լեզուների ուսուցումը հանրակրթության ոլորտում ամենակարևոր ուղղություններից մեկն է, և հատկապես տվյալ ասպարեզում իրականացվող բարեփոխումների շրջանակում ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևորում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը։

«Չինարենի ուսումնասիրությունը, որպես օտար լեզու, շատ կարևոր է մեզ համար և ես շատ ուրախ եմ, որ մեր երկրի 17 դպրոցներում արդեն մեր երիտասարդներն ու դպրոցականները հնարավորություն ունեն ուսումնասիրել չինարենը։ Վստահ եմ, որ այդ դասերն ուղղված են ոչ միայն լեզուն, այլ նաև Չինաստանի մշակույթը, պատմությունը ուսումնասիրելուն, ինչը հնարավորություն է տալիս նաև ավելի լավ ճանաչել այն երկիրը, որի լեզուն ուսումնասիրում են երեխաները»,- ասաց Սվաջյանը։

Նա ուրախությամբ նշեց, որ Երևանում հաջողությամբ գործում է հայ-չինական բարեկամության դպրոցը, որտեղ ևս աշակերտները Չինաստանի պատմությանն ու լեզվին ավելի խորը ծանոթանալու հնարավորություն ունեն։  

«Որևէ լեզու հնարավոր կլինի որակով դասավանդել, եթե առկա լինեն դասագրքեր, վերապատրաստված մասնագետներ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել տվյալ լեզվի դասավանդումը։ Չինարենի ուսումնասիրությունը ոչ միայն դպրոցականների համար որպես օտար լեզու սովորելու մի հնարավորություն է, այլև հետագայում Չինաստանի լավագույն բուհերում կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում։ Միջկառավարական համաձայնագրի շրջանակում յուրաքանչյուր տարի տրվող կրթաթոշակների շրջանակում մեր բազմաթիվ երիտասարդները մեկնում են Չինաստան՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։   

Սվաջյանը շնորհակալություն հայտնեց բոլոր դպրոցներին, ուսուցիչներին ու աշակերտներին, ովքեր լավ արդյունքներ են գրանցել և ստանալու են շնորհակալագրեր։ Աշխարհագրությունը ընդլայնվում է, ուստի շատ կարևոր է, որ դպրոցների համաչափ զարգացում լինի՝ ընդգրկելով Երևանն ու մարզերը, որտեղ այլընտրանքային ծրագրերի առաջարկմամբ՝ կապահովվի մասնավորապես չինարենի դասավանդումը։ Սվաջյանն ընդգծեց, որ Չինարենը մեր երիտասարդների համար բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ինչի մասին վկայում է հայ-չինական բարեկամության դպրոցի ընդունելության մեծ մրցակցությունը յուրաքանչյուր տարի։  

 

Հայերեն