Տնտեսություն

ՊԵԿ-ը հիշեցնում է ապրանքների թվային դրոշմավորման պահանջների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում 2020 թվականից գործում է ապրանքների թվային դրոշմավորման համակարգը, որն իրականացվում է հատուկ DataMatrix թվային ծածկագրի միջոցով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մեխանիզմը նախատեսված է ապրանքների շրջանառության վերահսկման և թափանցիկության բարձրացման համար։

DataMatrix-ը թվային ծածկագիր է, որը տեղադրվում է դրոշմավորման ենթակա ապրանքների վրա ներմուծող կամ արտադրող ընկերության կողմից։ Այն նպաստում է ապրանքների նույնականացմանը և թույլ է տալիս հետևել դրանց շրջանառությանը։

Ապրանքների թվային դրոշմավորում իրականացնելու համար ներմուծողներն ու արտադրողները պետք է գրանցվեն ազգային օպերատորի (E-Mark) համակարգում, ստանան համապատասխան ծածկագիրը և այն տեղադրեն ապրանքի վրա՝ մինչև դրա օտարումը կամ վաճառքը։

Վաճառքի կետում DataMatrix ծածկագիրը սկանավորվում է դրամարկղի միջոցով, որի արդյունքում տվյալները փոխանցվում են ՊԵԿ տեղեկատվական շտեմարան՝ արձանագրելով ապրանքի շրջանառությունից դուրս գալը։

Եթե ապրանքը չի դրոշմավորված թվային նույնականացման միջոցով, ապա ներմուծողն ու արտադրողը պարտավոր են այն դրոշմավորել։ Դրոշմապիտակի բացակայությունը կամ դրա չսկանավորումը մանրածախ վաճառքի ժամանակ համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, որի համար սահմանված է պատասխանատվություն։

Թվային դրոշմավորումը պարտադիր է հետևյալ ապրանքների համար․ փաթեթավորված խմելու ջուր, ներառյալ բնական կամ արհեստական հանքային ջրերը, գազավորված կամ չգազավորված (ԱՏԳ ԱԱ 2201, 2201 90 000 0), ալկոհոլային արտադրանքներ (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207 և 2208), ծխախոտային արտադրանքներ (ԱՏԳ ԱԱ 2402)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում