Հայաստան

Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: 

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ:

Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել են 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝

60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/

70-79% արդյունք են ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով),

80-89% արդյունք է ցուցաբերել 989-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 40 տոկոսի չափով),

90-100% արդյունք է ցուցաբերել 600-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով),

0-59 տոկոս արդյունք է ցուցաբերել 1162-ը:

Գործող ուսուցիչներից 2024 թվականին կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցել են 2825-ը, այս պահին չաշխատող և առաջին անգամ մասնակցած անձանցից գործընթացին առաջին անգամ մասնակցել են 272-ը: 60 տոկոսի շեմն առաջին անգամ մասնակցածներից հաղթահարել են 2250-ը, նախորդ տարիների համեմատ արդյունքը բարելավել են 1248-ը: 538 ուսուցչի գրանցած արդյունքները չեն փոխվել: Բարձրագույն կրթություն չունեցող անձանցից 124-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը:

Բողոքարկումից առաջ արձանագրված էր հետևյալ պատկերը՝ 0-59 % արդյունք էր ցուցաբերել 1350 ուսուցիչ/անձ, 60-69 % ՝ 1127-ը, 70-79 %՝ 1074-ը, 80-89 %՝ 918-ը, 90-100 %՝ 529-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում