Միշտ հպարտացել եմ իմ հայ լինելու համար. Հայաստանի ազգային գրադարանը տոնեց Գոհար Գասպարյանի հոբելյանը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային արվեստի սոխակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի 100-ամյակի առթիվ դեկտեմբերի 19-ին Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեցին նրան նվիրված գրքեր, տեսանյութեր, որոնք հնարավորություն տվեցին նորովի բացահայտել արտիստին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրադարանի արվեստի բաժնի նոտային-երաժշտական գրականության ենթաբաժնի աշխատակից Աննա Անդրիկյանը միջոցառմանը մանրամասներ ներկայացրեց Գոհար Գասպարյանի կյանքի և գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով նրա մեծությունն ու տաղանդը, որի առաջ շատերն են խոնարհվել։ 

Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թվականին Կահիրեում, սակայն միշտ ձգտել է գալ Հայաստան, քանի որ ազգությամբ պայմանավորված՝ տարբեր խոչընդոտներ է ստիպված եղել հաղթահարել։ Նա 1948-ին «Լա Սկալա» օպերային թատրոնում աշխատելու հրավեր է ստանում, սակայն ոչ միայն մերժում է հրավերը, այլև այդ նույն թվականին իր ամուսնու՝ Հայկ Գասպարյանի հետ տեղափոխվում է Հայաստան։  

«Յուրաքանչյուր օպերային երգչուհու երազանքն է աշխատել «Լա Սկալա» թատրոնում, ելույթ ունենալ այդ բեմում, ուստի Գասպարյանի մերժումը զարմացնում է։ Այս առիթով Գասպարյանն ասել է, որ հայը պետք է երգի միայն հայ բեմում և հայերի համար»,-պատմեց Աննա Անդրիկյանն ու հավելեց՝ Հայաստանում ծնվում է Գասպարյանների դուստրը, սակայն հետագայում երգչուհին ամուսնալուծվում է և ամուսնանում է իր ուսանողի՝ Տիգրան Լևոնյանի հետ։ Նրանք համատեղ որդի են ունենում, որը բժիշկների անփութության պատճառով մահանում է։ Այդ ողբերգությունը խորը հետք է թողել Գասպարյանի կյանքում։

Անդրիկյանի խոսքով՝  Գոհար Գասպարյանը մեծ հայրենասեր է եղել ու գրել, որ երբեք չի մոռանա այն երջանիկ վայրկյանը, երբ ոտք է դրել  հայրենի հողի վրա, որը ջերմորեն է ընդունել իրեն։ Նշել է, որ ուշաթափվում է հայ լինելու համար։ Հայրենի երկրում է սկսվել Գոհար Գասպարյան արտիստի կենսագրության լուսավոր ու բեղուն շրջանը։ Երբ Երևանում նա պատրաստվել է առաջին ելույթին, երաժշտական շրջանակում արդեն տարածվել է լուր, որ երիտասարդ երգչուհի է եկել Կահիրեից, որը հրաշալի  վոկալային ընդունակություններ ունի։ 1945 թվականի հուլիսին նրա ձայնն առաջին անգամ հնչել է հայկական բեմից։ Երգչուհու ելույթն անտարբեր չի թողել ոչ ոքի։

Երբ Գոհար Գասպարյանն առաջին անգամ ելույթ է ունենում Երևանի օպերային թատրոնում, մեկ աթոռի վրա երկու մարդ է նստում, անգամ միջանցքներում են մարդիկ հավաքվում նրան ունկնդրելու համար։ Այդ ելույթից հետո թատրոնի հաշվեհամարին մեծ գումար է փոխանցվում, ինչի արդյունքում աշխատակիցներին աշխատավարձ են տալիս, ինչը ոգևորում և հուզում է բոլորին, քանի որ նրանք ամեն ամիս չէին աշխատավարձ ստանում։ 

Անդրիկյանն ընդգծեց՝ Գասպարյանի արվեստի մեծ երկրպագուն է եղել Ավետիք Իսահակյանը, որը նրա ոչ մի ելույթ բաց չի թողել։ Երգչուհու հերթական ելույթից հետո Իսահակյանը նրան ասում է. «Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզնից։ Ամեն անգամ Հայաստանի սոխակին լսելիս՝ սիրտս լցվում է նույն խորին հուզմունքով։ Աղջիկս, դու նոր էջ ես բացում երգարվեստի ասպարեզում, դու հավերժ չխամրող ձայն ունես, ինչպես սոխակը։ Այսօրվանից դու հայոց սոխակն ես, դու մեր հոգիներին անդորր ես պարգևում քո անկրկնելի ձայնով»։ Այդ օրվանից Գոհար Գասպարյանը «Հայոց սոխակ» անվանումն է ստանում»,-նշեց Աննա Անդրիկյանը։ 

Գոհար Գասպարյանը հանդես է եկել 23 օպերային ներկայացման գլխավոր դերում, որոնց թվում են Անուշի դերերգը՝ «Անուշ» օպերայից, Շուշանի դերերգը՝ «Դավիթ Բեկ» օպերայից, Օլիմպիայի դերերգը՝ «Արշակ Բ» օպերայից, Կարինեի դերերգը՝ «Լեբլեբիջի» օպերայից, Ռոզինայի դերերգը՝ «Սևիլյան սափրիչը» օպերայից, Վիոլետայի դերերգը՝  «Տրավիատա»-ից և այլն։

Նրա երգացանկում տեղ է գտել ավելի քան 5 հարյուր ստեղծագործություն։ Գասպարյանը ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Բրազիլիայում և այլուր։ Ճապոնիայում ելույթից հետո Ճապոնիայի կայսրը Գոհար Գասպարյանին նվիրել է թանկարժեք մարգարիտներով ապարանջան, որը երգչուհին ավելի ուշ վաճառել է, որ Երևանի օպերային թատրոնում բեմադրեն «Նորմա» օպերան։ Գասպարյանը նաև ելույթ է ունեցել Թուրքիայում։ Նրան նախապես ասվել է, որ ոչ մի դեպքում չպետք է այնտեղ կատարի Կոմիտաս, մասնավորապես՝ «Կռունկ», սակայն Գասպարյանը ոչ միայն այնտեղ երգում է «Կռունկ»-ը, այլև չի խոնարհվում Աթաթուրքի գերեզմանին, ինչի պատճառով նրան պատժում են, և շուրջ երկու տարի հնարավորություն չի ունենում հանդես գալ արտերկրում։ 

Անդրիկյանն ասաց՝ Գասպարյանը նաև եղել է հումորով, սրամիտ մարդ, լավ խոհարար ու պրոֆեսոր։

Մարտիրոս Սարյանը նրա մասին ասել է. «Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՛ իրեն, և՛ իր ժողովրդին»։

«Իմ պատմական առաքելությունը կատարել եմ. սիրով ու նվիրումով ծառայել եմ իմ ժողովրդին, աշխարհի որ անկյունում էլ եղել եմ, ինձ հետ տարել եմ հայոց երգը, հնչեցրել եմ իմ ժողովրդի ձայնը, նույնիսկ այն ժամանակ, երբ կատարել եմ ոչ հայկական երգեր, այլ համաշխարհային երաժշտական նմուշներ, դարձյալ երգել եմ հայկական հոգու թախիծով ու լույսով, միշտ հպարտացել եմ իմ հայ լինելու համար»,-ասել է Գոհար Գասպարյանը։ 

Հայերեն

Ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Երևանը՝ տարվա զբոսաշրջային անակնկալ. հունական զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին

Մոսկվայի հոսթելներից մեկում բռնկված խոշոր հրդեհի պատճառով 300 մարդ է տարհանվել

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Թրամփը հայտարարել է Սիրիայից զորքերի դուրսբերման հնարավորության մասին

Տրանսպորտի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. վեճ և իրարանցում սկսվեց

Լարված իրավիճակ ավագանու արտահերթ նիստում

Թրամփը ԲՐԻԿՍ-ի անդամներին սպառնացել է 100% մաքսատուրքերով, եթե նրանք հրաժարվեն ԱՄՆ դոլարից