Հայաստանի Հանրապետության ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ, նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ վերջինիս նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք գումարտակի անձնակազմի ներկայությամբ:
Պարտադիր ժամկետային զինծառայողը գտնվելով ընկճված վիճակում, 2023 թվականի օգոստոսի 11-ին իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել:
ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: