Հայաստան

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

 

Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այսինքն՝ այն, ինչ Հայաստանի  օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Այսինքն՝ այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի»,- մանրամասնեց Փաշինյանը։ 

Վարչապետը կրկնեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը սոցիալապես խոցելի խավի համար բացարձակապես որևէ հարկային բեռ չի կարող առաջացնել։ «Նախ արձանագրենք, որ այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ։ Այսինքն, եթե մարդը չի աշխատում, նա առնվազն այս տարի չի լրացնելու հայտարարագիր։ Եթե մարդն աշխատող է, նրա կողմից համընդհանուր հայտարարագիր լրացնելու դեպքում նրա վրա որևէ հարկային բեռ չի ավելանում։ Ընդհակառակը՝ այս պայմաններում մեկ աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից։ Մենք հատուկ վարժություն ենք արել Ձեր ասած խնդիրը պատկերացնելու համար, թե արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որ դա լինի 100 հազար դրամից ավելի, որպեսզի նա կարողանա հետ ստանալ։ Համակարգը գործում է հետևյալ կերպ՝ սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտահարկից։ Հիմա հարց է ծագում, իսկ արդյոք ննվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար հաշվարկվո՞ւմ և վճարվո՞ւմ է այնքան եկամտահարկ, որ նա կարողանա այդ 100 հազար դրամը հետ ստանալ։ Պատասխանն է՝ այո։ Այսինքն՝ նույնիսկ նվազագույն աշխատավարձով աշխատող քաղաքացին կարող է ստանալ 100 հազար դրամը»,- ասաց վարչապետը։

Նա պարզաբանեց, որ այդ 100 հազար դրամ կրեդիտը ստանալու համար քաղաքացին նախ պետք է լրացնի հայտարարագիր։ «Բայց այն ծախսերը, որ քաղաքացին օրինակ, արել է երեխային մանկապարտեզ տալու համար, որոշակի ատամնաբուժական ծառայություններ է ստացել, որի մի մասը չի փակվում ապահովագրական ընկերության կողմից, երեխային ուղարկել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, երեխայի համար վճարել է, օրինակ, քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ, հանրային դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել,  այդ բոլոր ծախսերի համար նա կարող է հետ ստանալ այդ կրեդիտը»,- պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր ծախսերի համար քաղաքացին պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի, որպեսզի կարողանա ստանալ այդ 100 հազար դրամը։

Նա պարզաբանեց, որ հայտարարագիր ներկայացնելու դեպքում մարդու համար մի դեպքում կարող է առաջանալ հարկային պարտավորություն․ դա այն դեպքն է, երբ պարզվի, որ մարդը ծավալում է գործունեություն, որի համար Հայաստանում 30 տարի գործող օրենսդրությամբ պետք է հարկ վճարեր պետությանը, բայց չի վճարել։ «Համընդհանուր հայտարարագրի պարագայում ոչ մի նոր հարկ չկա։ Հիմա այս հայտարարագիրը հարկային դաշտ կբերի այն մարդկանց, որոնք օրենքով պարտավոր էին եկամտային հարկ վճարել, բայց չեն վճարել»,- մանրամասնեց Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում