Հայաստանը ԵԱՏՄ–ում իրեն վատ չի զգում, սակայն իշխանությունները չեն կարող չնկատել ժողովրդի ձգտումները Հայաստանի ապագայի համար ընտրանքներ, տարբերակներ ձևավորելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մենք ԵԱՏՄ-ում վատ չենք զգում մեզ: Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները՝ Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ, որովհետև այսօր շատ կարևոր փուլ է, որ մենք մեր երկրի ռազմավարական ապագայի մասին խոսենք: Բայց այդ ռազմավարական ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա: Եվ մեր բալանսավորման և բալանասավորված արտաքին քաղաքականությունը նաև դրա համար է»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ երկու տարբերակ կա: Առաջինը՝ ընտրություն չկա, մտածելու շատ բան էլ չկա: «Երկրորդը՝ պետք է ընտրություն ձևավորենք, որպեսզի ինչի վրա կանգնենք, այդ ընտրությունը լինի օրգանիկ, իրական, ոչ թե կեղծ: Մեր քաղաքականությունը դրան է ուղղված: Մենք շարունակելու ենք ճանապարհն այս ուղղությամբ: Այս ճանապարհն էլ է մի պրոցես, որտեղ իրական և անկեղծ բարեկամները ոչ իրական և ոչ անկեղծ բարեկամներից գուցե տարբերվեն»,-նշեց վարչապետը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Իրանի հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը աջակցել և աջակցում է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի հարաբերություններում զարգացումներ լինեն:
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրինագծին, որը Հայաստանի խորհրդարանում քննարկվելու է առաջիկա լիագումար նիստում։ ՀՀ վարչապետը մեծ է համարել հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը ևս հավանություն կտա օրինագծին։ Այդ համատեքստում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից այդ օրինագծի ընդունումը կլինի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մեկնարկը։ ՌԴ փոխվարչապետը շեշտել է, որ Եվրամիությունն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի կառույցներ են։