Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը  Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։

 Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։

«Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է ցեղասպանություն։ Ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու, այլ ասում է ցեղասպանություն»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Փաշինյանը պարզաբանեց, որ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։

«Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք ևս մեկ անգամ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևերին։ Կարո՞ղ է, որ մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Այս հարցը հրատապ է այսօր։ 

Ընդ որում, ես պատասխան չունեմ։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, այդ ճիշտ ռեֆլեքսիան շատ կարևոր բան է, որ մենք վերադառնանք և մեր բանաձևերին նորից անդրադառնանք։ Մեր իրականության մեջ մենք անընդհատ խոսել ենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ, օրինակ, ընկալվա՞ծ է երիտթուրքերի և Հայ Հեղափոխական Դաշնակցության հարաբերությունների հարցը։ Ընդ որում, երբ սա քաղաքականացնում ենք և փորձում ենք օգտագործել գործիք այսօրվա Հայ Հեղափոխական Դաշնակցությանը քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է։ Լրիվ դառնում է ուրիշ բան։ Էլի դառնում է նախկին-ներկա խոսակցություն և այլն, և այլն։ Այդ դրան մենք պետք է անդրադառնանք, պետք է հասկանանք։ 

Կարո՞ղ է այդ բանաձևերը սխալ են, որովհետև ես այսօրվա միջազգային իրադարձությունների հետ կապված երբեմն ապոկալիպտիկ, երբեմն փրկչագործական այնպիսի մեկնաբանություններ եմ տեսնում, որ ես հասկանում եմ, որ կարող է պարզվի Խրիմյան Հայրիկի ժամանակվանից միջազգային հարաբերությունները և աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել։ Այ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է։ Իմ մեջ ևս, որովհետև ես ձեզնից մեկն եմ։ Սրա մասին է խոսքը։

Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել և կարողանում են օգտագործել մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում մեր անկախ ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար։ Կարո՞ղ է այդպիսի բան պարզվի և այդպիսի բան պատահի։ Ես էլի եմ ասում, ես պատասխանի իմ տարբերակը ունեմ և դրա մասին ժամանակ առ ժամանակ խոսում եմ, բայց ես չեմ ուզում այդ պատասխանը որևէ ձևով փաթաթել մեր որևէ քաղաքացու վզին»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանը նաև խոսեց հայկական ինքնության և Ցեղասպանության հիշողության կարևորության մասին՝ նշելով, որ դա ոչ թե ընտրության հարց է, այլ ինքնության անբաժանելի մաս։ 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովրդավարության դպրոցում երկու ժամ բանախոսություն եմ ունեցել ասելու, որ Մեծ Եղեռնը ոչ միայն անհերքելի է, դա մեր ինքնության մասն է։ Դա ուզելով կամ չուզելով չէ։ Եթե մեկը ուզենա, որ այդպես չլինի, չի կարող անել։ Դա անհնար է։ Դա իմ, ձեր, մեր բոլորիս երակների մեջ է։ Եթե որևէ մեկը փորձի դա անել, սա նշանակում է չիմանալ սեփական ժողովրդի և իր ինքնությունը»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչո՞ւ է տեղի ունեցել, և ում միջոցով է հայ ժողովուրդն ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Այդ հայտարարությունից հետո տարբեր շրջանակներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին Ցեղասպանության փաստն ուրանալու մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում