Քաղաքականություն

Վարչապետը բացահայտեց, թե ինչ առաջարկ է Հայաստանն Ադրբեջանին արել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Վարչապետը բացահայտեց, թե ինչ առաջարկ է Հայաստանն Ադրբեջանին արել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչ առաջարկ է Հայաստանը ներկայացրել Ադրբեջանին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին խոսեց ասուլիսի ընթացքում։ 

«Մենք առաջարկել ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ՝ Հայաստանի տարածքով, իսկ ավելի կոնկրետ Մեղրիով։ Ինչո՞ւ Մեղրիով, որովհետև մյուս երկաթուղին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա Տավուշի մարզում, Հաղարծինի հատվածում սողանքի հետևանքով այնպիսի ավերածություններ են, որ այդ հատվածում երկաթուղին վերականգնելը շատ մեծ ներդրումներ է պահանջում։ Էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նաև առաջարկել ենք երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ»,- մանրամասնեց վարչապետը՝ հավելելով, որ այդ հաղորդակցությունները Հայաստանն Ադրբեջանի տարածքով  պետք է օգտագործի միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար, Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքով՝ էլի միջազգային առևտրի կամ բեռնափոխադրումների համար։ 

Նրա խոսքով՝ այս պահին հաշվի առնելով մթնոլորտը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը՝ հայկական կողմը համարում է, որ կարող են սկսել բեռնափոխադրումներ իրականացնելուց, հետո, երբ մթնոլորտն ավելի հանդարտ լինի, կարելի կլինի մտածել նաև ուղևորափոխադրումների մասին։ «Մենք այս առաջարկն արել ենք և սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին։ Եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումները իմանալով, լավ չեմ պատկերացնում, թե ինչու նրանք դա պետք է մերժեն։ Մենք լուծում ենք գտել, որը լուծում է երկու կողմերի առաջադրած խնդիրները։ Հիմա, թե նրանք դրան ինչ անուն կտան, դա էլ առանձին թեմա է։ Ես չեմ բացառում, որ ինչ լուծում էլ որ լինի, նրանք իրենց ձևով են մեկնաբանելու, մենք՝ մեր ձևով։ Բայց հարցի էությունն է կարևոր, բովանդակությունն է կարևոր։ Եվ այն բովանդակությունը, որ մենք առաջարկել ենք, մեզ համար ընդունելի է և լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնած սկզբունքներին, բայց համապատասխանում է նաև այն ակնկալիքներին, որոնք բարձրացնում է Ադրբեջանը բանակցությունների ընթացքում։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում շրջանցել Հայաստանի Հանրապետության իրավազորությունը։ Ժամանակակից աշխարհն աշխատում է, որպեսզի բոլոր ուղղություններով անխոչընդոտ հաղորդակցություններ լինեն, մենք պատրաստ ենք այդ լուծումներին»,- եզրափակեց Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում