Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս առկա է ծերացող բնակչության խնդիրը․ ԱՍՀ նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամբողջ աշխարհում առկա է ծերացող հասարակությունների խնդիրը․ բոլոր ուսումնասիրությունները և միտումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունը ևս ծերացող բնակչություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկման ընթացքում ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն՝ անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին։ 

«Ժողովրդագրական մարտահրավերները շատ կարևոր դեր ունեն այժմ գլոբալ դիսկուրսում՝ երկրների անվտանգության ու տնտեսության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ դիտարկումների համատեքստում։ Այս մտածումով էր, որ ՀՀ կառավարությունը 2021-26 թվականների ծրագրում հստակ ամրագրեց, որ պետք է ախտորոշել ժողովրդագրական մարտահրավերները, հասկանալ՝ ինչ միտումներ ունենք և դրան համարժեք արձագանք տալու համար մշակել ժողովրդագրության ռազմավարություն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ավելի քան 2 տարի տևած աշխատանքների, ուսումնասիրությունների, միջազգային տարբեր գործընկերների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանն ունեցել է արդեն հաստատված ժողովրդագրության ռազմավարություն՝ 2024-40 թվականների համար, որտեղ անդրադարձ է կատարվում ամենատարբեր մարտահրավերներին։  

Նախարար Մկրտչյանի դիտարկմամբ՝ չնայած ժողովրդագրական մարտահրավերները գլոբալ բնույթ ունեն՝ Հայաստանի պարագայում դրանք շատ ավելի առանձնահատուկ են, որովհետև դրանք ունեն պատճառահետևանքային կապեր, որոնց պատճառները գալիս են՝ սկսած Ցեղասպանության ժամանակահատվածից, Երկրորդ համաշխարհային պատերազմից, Ղարաբաղյան հակամարտությունից, Սպիտակի երկրաշարժից, հետխորհրդային միգրացիոն հոսքերից։  

«Այս բոլորը ստեղծել են ժողովրդագրական, վարքաբանական փոփոխություններ, որոնք հանգեցրել են մի շարք խնդիրների։ Մենք շատ ավելի սուր խնդիր ունենք․ խոսքը մեր բնակչության սեռատարիքային կառուցվածքի դեգրադացիայի մասին է։ Մեկ այլ խնդիր է ծերացող հասարակությունների խնդիրը, որն ամբողջ աշխարհում շատ սուր է դրված։ Բոլոր ուսումնասիրությունները և միտումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչությունը ևս ծերացող բնակչություն է»,-ասաց Նարեկ Մկրտչյանը։ 

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա այս խնդիրների հետ ապրել և համարժեք ռազմավարական խնդիրներ դնել իր առաջ, որպեսզի այս բոլոր հարցերի պատասխաններն ունենա։ 

«Այդ իսկ նպատակով է, որ մենք հիմա փորձել ենք ժողովրդագրության ռազմավարության հիմքում դնել ավելի քան 190 ծրագիր, որոնք պետք է իրականացնենք մինչև 2040 թվականը։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ բոլոր մարտահրավերներին անդրադառնանք, որովհետև մեր հիմնական խնդիրը մարդկային կապիտալի զարգացումն է և ապագայում ժողովրդագրության կայուն կառուցվածք ունենալը, որը մեզ հնարավորություն կտա համարժեք պատասխաններ մշակել և′ անվտանգության մարտահրավերներին, և′ տնտեսության մարտահրավերներին»,-շեշտեց Մկրտչյանը։  

Հայերեն

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում