Տնտեսություն

Կառավարությունը մշտադիտարկում է պարենային անվտանգության ռիսկերը և կառավարում իրավիճակը կանոնակարգված մոտեցմամբ. փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը մշտադիտարկում է պարենային անվտանգության ռիսկերը և կառավարում իրավիճակը կանոնակարգված մոտեցմամբ. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայիս աշխարհը հայտնվել է ինստիտուցիոնալ լուծումների անարդյունավետության պայմաններում, ինչը մեծ ազդեցություն է ունենում ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մարտահրավերներ և հնարավորություններ՝ 2025-ին ընդառաջ» երկպանելային քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Նա կարևորեց պարենային և էներգետիկ անվտանգության ռիսկերի կառավարումը։

«Մենք ուղղակի պարտավոր ենք հաշվի առնել պարենային անվտանգության ռիսկերը, էներգետիկ անվտանգության ռիսկերը և ըստ այդմ կառավարել և ձևավորել օրակարգեր, որոնք կրկին դժվար է ինստիտուցիոնալ դարձնել՝ փոփոխական իրավիճակի պայմաններում, որը մենք զգում ենք ամեն օր»,- նշեց նա։

Փոխվարչապետի խոսքով՝ գլոբալ փոփոխությունները ներառում են ապրանքների, աշխատուժի, կապիտալի և ծառայությունների շարժի վրա ազդող խնդիրները, ինչպես նաև պատժամիջոցների ռիսկերը, որոնք հաճախ դրսևորվում են ոչ համակարգված կերպով։

Գրիգորյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեկ տարվա ընթացքում մշտադիտարկման ներքո է պահում բոլոր ռիսկերը՝ մշակում իրավիճակային լուծումներ և կառավարում պաշարներն ավելի կանոնակարգված մոտեցմամբ։

«Մենք մեր գործառույթները ադապտացրել ենք այս իրավիճակին։ Մեկ տարի է, ինչ բոլոր ռիսկերը մոնիթորինգի տակ են, և մենք կայացնում ենք թե՛ իրավիճակային որոշումներ, թե՛ փորձում ենք կանոնակարգել պաշարների նկատմամբ առանձին մոտեցումը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Փոխվարչապետը նաև կարևորեց արտաքին առևտրի ասիմետրիկ իրավիճակի վրա ուշադրությունը՝ նշելով, որ այն անմիջական ազդեցություն ունի պարենային անվտանգության վրա։
«Պետք է հետևողականորեն քննարկենք և առերեսվենք արտաքին առևտրի ասիմետրիկ իրավիճակի հետ, որն անմիջական ազդեցություն ունի պարենային անվտանգության վրա։ Մենք պետք է միշտ հաշվի առնենք այս ռիսկերը և մշակենք համապատասխան լուծումներ»,- եզրափակեց Գրիգորյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում