Հայաստան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

13 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խորհրդարանական լսումներում ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից` նշելով, որ նախագիծը քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում։

 «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով: ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է  երիտասարդներին  ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է: 

«Անշուշտ, սրան է ուղղված Կառավարության գործունեությունը, դրան են անդրադառնում տարբեր ոլորտային ռազմավարություններ, Կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և հանրային կյանքի այլ ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ մինչ այս պետությունը չի ունեցել երիտասարդության առաջնահերթություններն ընդգծող համապարփակ օրենսդրություն,  որը կներկայացներ  երիտասարդական քաղաքականությունը, թիրախները, նպատակը, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին: 

Նա նշել է՝ ներկայացված օրենքների փաթեթը և մասնավորապես երիտասարդական քաղաքականության օրենքի նախագիծը կլրացնի այդ բացը: Այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության և  միջազգային կազմակերպությունների համար: 

 

«Առաջարկվող օրենքի նախագծով պետական Երիտասարդական քաղաքականությունը  սահմանվում է  որպես  ՀՀ կառավարության  կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների  բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների   և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության  հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև  փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ օրենքի ընդունմամբ կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Օրենքի ընդունմամբ նաև՝ սահմանվում են երիտասարդության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորությունները, պարտավորությունները, ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները և ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական  կենտրոնների ձևավորման գործունեությունը կարգավորող  օրենսդրական կարգավորումների համար։

«Օրենքի  նախագծով առաջարկվում է հստակեցնել երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու գերատեսչության, ինչպես նաև  տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. տեղական ինքնակառավարման մակարդակում նախատեսվում է յուրաքանչյուր  համայնքում պետական, բայց նաև մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր: Արդեն իսկ ունենք հաջող աշխատող համայնքներ  և այս օրենսդրությունը կգա խրախուսելու և խթանելու այս գործընթացի զարգացմանը: Օրենքի ընդունումը կնպաստի նաև լիազորող նորմերի սահմանմանը` երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար, ինչն ավելի արդյունավետ և թիրախային կդարձնի քաղաքականության իրականացումը»,- իր ելույթում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա ընդգծել է՝ օրենքի նախագիծը մշակվել է հանրային լայն մասնակցության ապահովմամբ՝ մշակման գործընթացում ներառելով երիտասարդության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես պետական համակարգերից, այնպես և տեղական, միջազգային կազմակերպություններից և ոլորտում դերակատարում ունեցող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներից, երիտասարդության ոլորտի փորձագետներից, հետազոտողներից, երիտասարդական աշխատողներից և պարզապես երիտասարդներից: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. դիտարկվել է տարբեր երկրներում երիտասարդական քաղաքականության մշակման մեխանիզմները, օրենսդրական կարգավորումները, ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլն: 

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագիծը մինչև պաշտոնապես շրջանառելը քննարկվել է նաև բոլոր մարզերում՝ ներառելով շուրջ 30 համայնք և ավելի քան 1000 երիտասարդ:

Երիտասարդական միջավայրի ստեղծման  խրախուսում. մինչև 2026 թվականը 25 երիտասարդական կենտրոններ ՀՀ մարզերում 

Օրենքի առկայությունը կաջակցի ՀՀ կառավարության ծրագրով հաստատված և արդեն իսկ մի քանի տարի իրականացվող երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ պետության կողմից 2022 թվականից արդեն իսկ գործարկվել է եռակողմ համագործակցությամբ գործող երիտասարդական կենտրոնների մոդելը: Արդյունքում՝ պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ  ձևավորվել և գործում են 5 երիտասարդական կենտրոններ. դրանց թիվը տարեցտարի ավելանում է և արդեն 2026 թվականին ՀՀ մարզերում ստեղծված կլինեն 25 երիտասարդական կենտրոններ (2025 թվականին երիտասարդական կենտրոններ կգործեն Ապարան, Դիլիջան, Իջևան, Մեղրի Վանաձոր, Ախուրյան, Սևան (Ծովագյուղ բնակավայրում), Արարատ և Կապան համայնքներում): 

Օրենքի ընդունմամբ երիտասարդական կենտրոնների ձևավորման քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, շատ կարևոր է, որ կենտրոնները թիրախավորում են նաև չսովորող և չաշխատող երիտասարդների խմբերին, ինչն առավել առաջնային է, քանի որ այս խմբերը դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և այս իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Կարևոր է, որ օրենքի ընդունմամբ ամրագրվում է երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման առանցքային հարցը. բոլոր ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող կամ աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանեն երիտասարդական աշխատողի գործառույթները։ 

Նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների. նոր փորձնական ծրագիր

Երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որտեղ մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

Փոխվում է երիտասարդության տարիքային շեմը` այն կսահմանվի 13-35 տարեկան

Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմն առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ միջազգային փորձը և մեր երկրի ժողովրդագրական տվյալները, որոնց իր զեկույցում անդրադարձել է նախարարի տեղակալը: Նրա խոսքով`  երիտասարդության տարիքի ներքին շեմի իջեցումը միջազգային միտում է, որը ցույց է տվել այլ երկրների փորձի ուսումնասիրությունը: 

«Իսկ վերին շեմը բարձրացվել է 35` հաշվի առնելով, որ մեր հասարակությունը, ցավոք, ծերացող է և ժողովրդագրական կարևոր որոշումները՝ ընտանիք կազմել, բնակարան ձեռք բերել, երեխաների ծնունդ և այլն, տեղի են ունենում ավելի ուշ տարիքում։ 

Նախատեսվում է ստեղծել երիտասարդական միացյալ մարմին

Ըստ Արթուր Մարտիրոսյանի` նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում այսպես կոչված անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Երիտասարդական միացյալ մարմինը կմիավորի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական  կառույցների ներուժը` հնարավորություն տալով դրանում ընդգրկված կազմակերպություններին ներկայանալ նաև միջազգային տարբեր հարթակներում:

«Սա, իհարկե, օրգանական գործընթաց է, որը մեր երկրում վերջին տարիներին տեղի էր ունենում, բայց նախագծով ամրագրվում է, որ պետությունը՝ ի դեմս քաղաքացիական հասարակության միացյալ մարմնի, երիտասարդության ոլորտում կունենա սոցիալական գործընկեր, որը հանդես կգա նաև որպես երիտասարդության ոլորտի խոսափող՝ արդեն պետությունից դուրս և իհարկե պետության հետ աշխատելով: Նոր մարմինը քաղաքականության մշակման ժամանակ, համագործակցելով պետական լիազոր մարմնի հետ, իսկ առանձին դեպքերում, ինչու ոչ, նաև քննադատելով, նկատառումներ ներկայացնելով՝ զգոն կպահի բոլորիս:

Միջազգային համագործակցության տեսանկյունից ևս սա լուրջ աջակցություն կլինի,  որովհետև տարբեր միջազգային մարմիններ կան, որտեղ պետության ներկայացուցչից բացի ցանկալի է, որ ներգրավված լինի նաև այլ կողմ, որը տվյալ դեպքում կարող է լինել միացյալ մարմնի ներկայացուցիչը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։ 

Եզրափակելով խոսքը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո կհաստատվի գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ, որով օրենքում սահմանված բովանդակային շրջանակներին և ուղենիշներին համապատասխան կոնկրետ ժամանակահատվածի համար կսահմանեն միջոցառումներ` չափելի ցուցանիշներով:

Նախարարի տեղակալը պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են երիտասարդ ընտանիքների աջակցության բնակարանային ծրագրին, երիտասարդական կենտրոնների ձևավորմանը, երիտասարդական նոր միացյալ մարմնի ձևավորմանը, երիտասարդության ոլորտի պետական աջակցության ծրագրերին և ոլորտային այլ նախաձեռնություններին:

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումներին ելույթներով հանդես են եկել նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, անհատ երիտասարդներ:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում