Պարենային ապահովության բարելավում՝ ֆինանսական լուծումների միջոցով. Երևանում քննարկում անցկացվեց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական օղակի, միջազգային ֆինանսական հաստատությունների, բանկային և ֆինանսական ոլորտների ներկայացուցիչներն ու այլ շահագրգիռ կողմեր հավաքվել էին՝ քննարկելու պարենային ապահովության բարելավման համար ֆինանսական հնարավոր լուծումները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպած «Պարենի անվտանգության բարելավում ֆինանսական լուծումների միջոցով» թեմայով պանելային քննարկումն անցկացվեց դեկտեմբերի 16-ին: 

Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը նշեց, որ Եվրասիական զարգացման բանկը ներդրումներ է կատարում տնտեսության տարբեր ոլորտներում, ստեղծում է աշխատատեղեր: Եվ այդ աշխատատեղերը հիմնականում ստեղծվում են մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում: Ծրագրեր են իրականացվում նաև Երևանում: 

Մելկիկյանը հիշեցրեց բանկի ջանքերով Հայաստանում իրականացվող «Կաթ դպրոցներին» ծրագրի մասին: Նախատեսվում է ընդլայնել շահառու դպրոցների շրջանակը: Նա վստահեցրեց՝ բանկի կողմից իրականացվող ծրագրերը սոցիալական խնդիրների լուծման նպատակ ունեն:

«Մենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում պարենային անապահովության խնդիր ունեցող քաղաքացիներին մատուցում ենք սոցիալական ծառայություններ և փորձում ենք նրանց դեպի ինքնաբավ կյանք բերել»,-ասաց Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը:

Նրա խոսքով՝ 2023-ի վերջի դրությամբ 1 մլն 500 հազար շահառու գեթ մեկ անգամ Միասնական սոցիալական ծառայության կողմից ստացել է սոցիալական ծառայություն: Ծառայությունները բազմազան են՝ զբաղվածությունից մինչև անձի ֆունկցիոնալության գնահատում, սոցիալական աջակցություններ և այլն: Սոցիալական աջակցության բնագավառում ցանկացած ծառայություն մատուցելուց առաջ իրականացվում է կարիքի գնահատում: 

Ըստ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ֆինանսական գրագիտությունը սերտորեն կապված է պարենային ապահովության հետ, քանի որ մարդիկ անձնական և ընտանեկան բյուջեի պլանավորման, ռեսուրսների կառավարման և առաջնահերթությունների մասով որոշումները կատարում են իրենց ֆինանսական գիտելիքների շրջանակից: Հայաստանում ֆինանսական գրագիտության սահմանափակ մակարդակը խորացնում է պարենային անապահովությունը, հատկապես, երբ բազմաթիվ ընտանիքներ ստիպված են դիմել ոչ կայուն միջոցների, օրինակ՝ գումար պարտք վերցնել կամ նվազեցել առողջ սննդի վրա ծախսերը: 

Ըստ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ֆինանսական ոլորտը կարող է կարևոր դեր խաղալ հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացման գործում՝ մշակել նպատակային ուսումնական ծրագրեր, տրամադրել ֆինանսական գրագիտության դասընթացներ, տրամադրել հասանելի ֆինանսական գործիքներ և խթանել սոցիալական ձեռնարկատիրությունը, առաջարկել խնայողական պլաններ և մատչելի վարկային հնարավորություներ։

Քննարկմանը ներկա բանկային ոլորտի ներկայացուցիչները վստահեցրին, որ փորձում են իրենց բիզնեսները դարձնել սոցիալապես պատասխանատու: Օրինակ՝ գյուղական շատ վայրերում բանկի մասնաճյուղեր ունենալը բիզնեսի տեսանկյունից այնքան էլ ձեռնտու չէ, սակայն մասնաճյուղերը չեն փակում, քանի որ ունեն սոցիալական պատասխանատվություն, չեն ցանկանում գյուղական բնակավայրերի բնակիչներին զրկել ֆինանսական ծառայությունների հասանելիությունից:

Քննարկվեց Հայաստանի պարենային ապահովության ներկա իրավիճակը և մինչ օրս կատարված աշխատանքների առաջընթացը, ֆինանսական գործիքների և միջոլորտային գործընկերությունների դերը՝սոցիալ-տնտեսական և պարենային ապահովության մարտահրավերների հաղթահարման գործում, խոցելի բնակչությանն աջակցելու համար հնչեցին նորարարական ֆինանսական լուծումների վերաբերյալ գաղափարների առաջարկություններ:

Հայերեն