Հայտնի է, թե 2025 թվականին հայերենից չինարեն և չինարենից հայերեն ինչ գրքեր կթարգմանվեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարունակվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ» երկերը։ Այս բոլոր գրքերը ցուցադրվել են Պեկինի գրքի միջազգային ցուցահանդեսում:

Առաջիկայում հայերեն լույս կտեսնեն Շըն Ցոնվընի «Սահմանային քաղաք», Լու Սյունի «Պատմվածքներ», Ցիեն Ճոնշուի «Պաշարված ամրոցը» և մի շարք այլ գործեր:

2025 թվականին չինարեն հրատարակելու համար չինական կողմն արդեն սկսել է Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները», Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան», Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքներ» գրքերի թարգմանության աշխատանքները:

Մինչև 2025 թվականի տարեվերջ հայերեն լույս կտեսնեն Ա Չընի «Ծառերի արքան», Ցաու Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշնի «Ես և երկրի տաճարը» գրքերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա լայն հնարավորություն է ընձեռում չինացի ընթերցողներին՝ հայ դասական գրականությանը, իսկ հայ ընթերցողին՝ չինական գրականությանը համակողմանիորեն ծանոթանալու:

2026 թվականին և դրան հաջորդող տարիներին, համաձայն պայմանավորվածության, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները,  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի և պոեզիայի անթոլոգիաներ: 

Հուշագրով սահմանված աշխատանքներին հետևելու համար օրերս Հայաստան էր  այցելել ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի, «Գրանիշ», «Արևիկ», «Էդիթ պրինտ» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:

Չինաստանից ժամանած հյուրերն այցելել են նաև Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում է չինարենի խորացված ուսուցում:  ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի գրադարանին են նվիրաբերվել հայերենից չինարեն թարգմանված գրքեր: 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում