Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը
3 րոպեի ընթերցում
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված մայիսի 1-ի փոխարեն կսահմանվի նոյեմբերի 1-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նույնականացման քարտեր ստանալու համար առաջացած մեծ հերթերին:
«Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել, որ այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը: Եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է, և ծանրաբեռնվածության, այսինքն՝ կառավարության պատճառով ID քարտը չի ստացել, այդ ժամկետներն իր համար կասեցվում են: Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, իր հետ կապված խնդիր չկա»,-ասաց Փաշինյանը:
Եթե քաղաքացին ID քարտը ստանա, օրինակ, 2026թ հունվարին, ապա հենց հունվարին կարող է հայտարարագիրը լրացնել և 2024-ի և 2025-ի համար և ստանալ և 2024-ի սոցիալական կրեդիտը և 2025-ի սոցիալական կրեդիտը: Այսինքն՝ նրանց համար կպահպանվի սոցիալական ծախսի փոխհատուցման բաղադրիչը:
Անդրադառնալով հայտարարագրման համակարգի համատեքստում բանկային գաղտնիքի խախտման վերաբերյալ մտահոգություններին՝ վարչապետը նկատեց. «Բանկային գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի չի կարող լինել: Այսօր ժողովրդավարական երկրները գնում են այն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ: Բանկային գաղտնիքը կարող է բացահայտվել: Ես, օրինակ, ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ»:
Նրա կարծիքով՝ եթե մարդը հարկային չկատարված պարտավորություններ չունի, բանկային գաղտնիքի հետ խնդիր չի կարող ունենալ:
«Բանկային գաղտնիքին ոչ մեկ հասանելիություն չի ստանում: Այնպես չէ, որ մենք դրանով իմանում ենք, թե ով բանկերում ինչ ունի պահած: Մենք ընդամենը եկամուտի մասին ենք իմանում: Ստատիկ ինչ որ կա, դրա մասին չենք իմանում, իմանում ենք միայն առկա եկամտի և եկամտի աղբյուրների մասին»,-նշեց վարչապետը:
Նա հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ պետք է մարդիկ եկամտային հարկ վճարեն, իսկ ոմանք՝ չվճարեն: Փաշինյանը հիշեցրեց՝ եկամտային հարկից մինչև 100 հազար դրամ վերադարձնելու են կրթության և առողջապահության համար արված ծախսերի համար: «Ոչ մի վատ բան չենք անում: Բացի օգուտ տալուց, ոչ մեկին վնասելու միտում չունենք»,-նշեց վարչապետը: