Տնտեսություն

Երևանում ընթանում է ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խմբի նիստը

5 րոպեի ընթերցում

Երևանում ընթանում է ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խմբի նիստը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարցերի լայն շրջանակ է ներառված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից՝ ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրության (երաշխավորման), լիկվիդացման, ֆինանսական առողջացման և վարկային կազմակերպությունների սնանկացման ոլորտում ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի երկօրյա նիստի օրակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կառույցի՝ 2024 թվականի ամփոփիչ նիստն այսօր մեկնարկել է Երևանում։

Միջոցառման առաջին օրը պատվիրակներն անցկացրեցին փորձագիտական խմբի ներկայացրած երկու նախաձեռնությունների կրկնակի դիտարկում և երեք նախաձեռնությունների կրկնակի քննարկում։ Ծավալվեց մտքերի փոխանակում, ներկայացվեցին առաջարկներ, նաև զեկույցներ, քննարկվեց 2025 թվականի աշխատանքային պլանը։ Նիստի մասնակիցներին ողջունեցին ՀՀ Ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը և վերոնշյալ հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։

«Օրակարգում ընդգրկված բոլոր հարցերն էլ շատ կարևոր են, բոլորի վերաբերյալ մեր կարծիքը բազմիցս ներկայացրել ենք ներքին քննարկումներում, այդ թվում՝ կարգավորող մարմնի, տվյալ դեպքում՝ ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետների մասնակցությամբ։ Փորձել ենք հստակեցնել մեր ծրագրերը և քայլերը։ Աշխատանքային խմբի նպատակներից է հնարավորինս համակարգված և ներդաշնակ դարձնել ԵԱՏՄ հինգ երկրների ավանդների ապահովագրման կառույցների գործունեությունը։ Առանցքային որոշ հարցերի վերաբերյալ ԵԱՏՄ երկրներում կարող են տարբերություններ լինել։ Սակայն, կան նաև հարցեր, որոնց վերաբերյալ ընդհանուր մոտեցումները ցանկալի են, որպեսզի ավանդատուների շահերն առավել պաշտպանված լինեն։ Ավանդների ապահովագրության համակարգի նպատակներից է իրականացնել ավանդատուների շահերի պաշտպանություն, եթե գործի միասնական ֆինանսական շուկա»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հերմինե Հարությունյանը։

 Նա ընդգծեց, որ որոշ հարցերի վերաբերյալ կրկնակի քննարկման անհրաժեշտություն է առաջացել, սակայն դա ոչ այնքան տարաձայնությունների արդյունք է, որքան առաջարկներն ու նախաձեռնությունները ժամանակին համահունչ դարձնելու ձգտում։

«Կարելի է ասել՝ հիմա ռևիզիայի ենք ենթարկում, ինչից ելնելով էլ որոշ թեմաների շուրջ ծավալվում է կրկնակի քննարկում։ Իրականում եկել ենք որոշակի հայտարարի և պատրաստ ենք այս առաջարկները ներկայացնել կարգավորող մարմիններին, բայց սրբագրումներն անխուսափելի են, որպեսզի ժամանակի պահանջներից հետ չմնանք, որդեգրենք ավելի կատարելագործված մոտեցումներ։ Պետք է ասեմ, որ որոշ հարցերի շուրջ մեր երկրների մոտեցումները երբեմն տարբերվում են, այդ իսկ պատճառով անընդհատ ուսումնասիրում ենք ավանդների ապահովագրման միջազգային լավագույն փորձը։ Գոյություն ունեն այսպես կոչված առանցքային ստանդարտներ, որոնց հետամուտ ենք լինում, որպեսզի մեր զարգացումը լինի լավագույն փորձին համահունչ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նա հայտնեց նաև, որ արդեն իսկ շուրջ 10 թեմա կրկնակի վերանայվել է։ Դրանք դասակարգվել են ըստ կարևորության աստիճանի՝ առավել առաջնահերթ, առանցքային խնդիրներ և պակաս կարևորություն ունեցող խնդիրներ։ Դրանք ներկայացվելու են ԵԱՏՄ հինգ երկրների կարգավորող մարմինների հաստատմանը։

Տեղեկացանք նաև, որ փորձագիտական խմբի նիստերը սովորաբար անցկացվում են ամենամսյա պարբերականությամբ, բայց հիմնականում՝ առցանց։ Սակայն, Հերմինե Հարությունյանի դիտարկմամբ՝ նման անմիջական շփումն ավելի արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս քննարկել ու ամփոփել հարցերի ավելի լայն շրջանակ։ 

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ մեր ավանդատուների շահերը պաշտպանված են, ուշադրության կենտրոնում են։ Ի դեպ, մեր կազմակերպությունը նաև Ավանդների ապահովագրման միջազգային և եվրոպական ասոցիացիաների լիիրավ անդամ է։ Դա մեզ հնարավորություն է ընձեռում տեղեկանալ միջազգային լավագույն փորձին և զարգացնել մեր համակարգը»,- եզրափակեց Հերմինե Հարությունյանը։ 

   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում