Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը ցեղասպանություն որակեց Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կատարվել են ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են խաղաղ բնակչության նկատմամբ՝ համատարած կամ համակարգված հարձակման շրջանակներում. հայերն, անշուշտ, կարող են պնդել, որ դա տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ: 

Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշեց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Մելանի Օ՛Բրայենը։ 

Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ Մելանի Օ՛Բրայենը նկատեց, որ այն հիմնական միջազգային հանցագործությունները, որոնց մասին խոսվում է՝ ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն, բոլորն էլ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում տարբեր համատեքստերում և երբեմն էլ տարբեր ժամանակներում:  

«Եղել են ռազմական հանցագործություններ, քանի որ հակամարտություն էր ընթանում, ունենք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են խաղաղ բնակչության նկատմամբ՝ համատարած կամ համակարգված հարձակման շրջանակներում: Դուք, անշուշտ, կարող եք պնդել, որ դա տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ»,-շեշտեց զրուցակիցը: 

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էթնիկ զտումներին, ապա էթնիկ զտումների իրավական եզրույթ գոյություն չունի:  

«Այն իրականում՝ որպես հանցագործություն, գոյություն չունի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում կամ պայմանագրում: Մեր խնդիրներից մեկն այն է, թե ինչպես կարող ենք դա սահմանել, որպեսզի կարողանանք դատական հետապնդում իրականացնել դրա նկատմամբ: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտաքսումը կարող ենք անվանել հանցագործություն մարդկության դեմ, ինչը հնարավորություն կտար Միջազգային քրեական դատարանին իրավասություն ունենալ այդ հանցագործության նկատմամբ, քանի որ ժողովուրդը Լեռնային Ղարաբաղից պարզապես փախուստի է դիմել Հայաստան: Ցեղասպանության մասին մտածելիս՝ պետք է նշել նաև Լեռնային Ղարաբաղի պաշարման ժամանակ տեղի ունեցածի մասին: Մենք խոսում ենք սննդի բացակայության, առողջապահության, դեղորայքի բացակայության մասին: Դրանք ցեղասպանության հիմնական հատկանիշներն են: Սա ֆիզիկական ոչնչացման համար նախատեսված պայմաններ ստեղծելու հանցագործություն է։ Մենք տեսանք, թե ինչպես էին Լեռնային Ղարաբաղի բնակիչներից մի քանիսը մահանում սովի պայմաններում։ Մենք, առնվազն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղում մինչև 2023 թվականի սեպտեմբերի էթնիկ զտումը, ցեղասպանություն է տեղի ունեցել»,-հիշեցրեց Օ՛Բրայենը։ 

Նրա խոսքով՝ այս փաստարկները կարելի է բերել՝ չնայած դժվար կլինի գտնել մի ձև, որով կարելի կլինի իրականում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել:   

«Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության մասին, կարևոր է նաև մտածել ավելի մեծ պատկերի մասին: Իսկ ավելի մեծ պատկերը ներառում է Ադրբեջանի դպրոցների դասագրքերը, որոնք լցված են հայերի դեմ ատելության խոսքով: Մենք նաև նկատել ենք, թե ինչպես են ոչնչացվում հայկական մշակութային արժեքները՝ վանքերը, եկեղեցիները, խաչքարերը: Չնայած մշակութային ցեղասպանության կոնկրետ հանցագործություն չկա՝ այդուհանդերձ, այս ամենը նպաստում է ցեղասպանության հանցագործությանը»,-ասաց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը: 

Խոսելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նշանակության և կարևորության մասին՝ նա կարծիք հայտնեց, որ այն հիանալի իրադարձություն է, քանի որ ֆորումը համախմբում է այն մարդկանց, ովքեր աշխատում են նույն նպատակի ուղղությամբ:  

«Այդ նպատակը վայրագությունների, այդ թվում՝ ցեղասպանության կանխարգելումն ու պատիժն է։ Բայց այդ մարդիկ հաճախ չեն կարողանում հավաքվել: Եվ սա այն է, որ միավորում է մարդկանց ու ներկայացուցիչների ՄԱԿ-ից, կառավարություններից, ՀԿ-ներից, ակադեմիական շրջանակներից, նույնիսկ կորպորատիվ աշխարհից՝ միավորելով նրանց, որպեսզի խոսեն իրենց կատարած աշխատանքների և գործունեության մասին»,-նշեց Մելանի Օ՛Բրայենը՝ հույս հայտնելով, որ ապագայում հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման հետ կապված գործնական նախագծերի ուղղությամբ:  

Անդրադառնալով փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում ունեցած ներդրմանը և դերակատարությանը՝ զրուցակիցը նկատեց, որ երկրի չափն իրականում այդքան էլ կարևոր չէ, երբ խոսք է գնում ցեղասպանության կոնվենցիայի մասնակից լինելու մասին և այն մասին, թե ինչ կարող է արվել դրա համաձայն: 

«Յուրաքանչյուր երկիր կարող է լինել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի անդամ: Եվ ես խրախուսում եմ անդամ չհանդիսացող պետություններին միանալ դրան: Օրինակ՝ տեսեք, թե հիմա ինչ են անում որոշ փոքր երկրներ. Գամբիան, օրինակ, որը գործ է հարուցել Մյանմայի դեմ Արդարադատության միջազգային դատարանում, Նիկարագուան գործ է հարուցել Գերմանիայի դեմ: Ցանկացած պետություն կարող է նման բան անել, իրականում կարող է գործողություններ ձեռնարկել Կոնվենցիայի համաձայն, քանի որ դա նրանց պարտավորությունների մաս է կազմում: Այսպիսով, ես չեմ կարծում, որ մենք պետք է թերագնահատենք փոքր երկրների հզորությունը: Նաև նշեմ, որ փոքր երկրները նույնպես կարող են դառնալ Միջազգային քրեական դատարանի մաս և, հետևաբար, ձերբակալել փախուստի դիմած անձանց, որոնք հետախուզվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: Ուստի, կարծում եմ՝ կարևոր չէ պետության չափը: Նրանք կարող են իրականացնել նման տեսակի գործողություններ, որոնք նպաստում են ցեղասպանության կանխարգելմանը և պատժելուն»,-ասաց Մելանի Օ՛Բրայենը:  

Անդրադարձ կատարելով այն հանգամանքին, որ Թուրքիան դեռևս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Մելանի Օ՛Բրայենը նշեց, որ Անկարայի այս նարատիվը մշտական ​​է և շարունակում  պահպանվել: 

«Ավելի լայն համատեքստում մտածելով՝ նշենք, որ Հայոց ցեղասպանության համար երբեք պատասխանատվություն չի եղել՝ լինի դա քրեական դատարանում, թե այլ մեխանիզմներով: Կարծում եմ, որ դա օրինակ է, թե ինչու է հաշվետվողականությունը կարևոր, քանի որ հաշվետվողականությունը կարող է օգնել դադարեցնել ժխտումը: Կարծում եմ, որ այս հարցում նույնպես կարևորը ճանաչումն է: Գիտենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մի շարք կառավարությունների կողմից, ներառյալ՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և աշխարհի շատ այլ երկրների կողմից: Բայց շատ ուրիշներ, ներառյալ իմ հայրենի երկիրը՝ Ավստրալիան, չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ այդ չճանաչումը քաջալերում է Թուրքիային՝ շարունակելու հերքել այն: Ուստի, ես խրախուսում եմ բոլոր պետություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման դեմ գործելու միջոց»,-ընդգծեց զրուցակիցը:

Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման գործում երկրների միջև համագործակցության կարևորությանը՝ զրուցակիցը նկատեց, որ կառավարությունների համագործակցությունը և պետություններին գործողությունների ստիպելն ամենամեծ մարտահրավերն է, որին միջազգային հանրությունը բախվում է այս պահին: 

«Այնքան շատ քաղաքական նկատառումներ կան, երբ մենք խոսում ենք պետությունների մասին, և ես կարծում եմ, որ պետություններն իրենց անհետևողական են պահում, երբ խոսքը վերաբերում է հանցագործությունները կանխելու մասին գաղափարին կամ այն մասին, որ մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկել վայրագությունների, հանցագործությունների համար: 

Օրինակ, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները աջակցում է Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինի կալանավորման հրամանին, բայց դատապարտում է Միջազգային քրեական դատարանի՝ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը: Բանն այն է, որ օրենքները կան, մենք ունենք դրանք, մենք ունենք ՄԱԿ, մենք ունենք Արդարադատության միջազգային դատարան, ունենք Միջազգային քրեական դատարան, ուստի ունենք այս մեխանիզմները, բայց խոսքը գնում է այն մասին, որ պետությունները պետք է հետևողական լինեն միջազգային իրավունքի պահպանմանը և իսկապես անեն այն, ինչ բարոյապես ճիշտ է, օրինական է և թույլ չտան, որ քաղաքական նկատառումները լինեն գերակա: Դա մեծ հիասթափություն է»,-եզրափակեց Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահը՝ խրախուսելով, որ պետությունները, կառավարությունները ճիշտ վարվեն, երբ խոսքը վերաբերում է միջազգային հարթակում գործողություններին, որոնք կապված են ռազմական գործողությունների և վայրագությունների կանխմանն ու դադարեցմանը: 

Հայերեն العربية English Français Русский