Քաղաքականություն

ԽՍՀՄ քարտեզներից հրաժարվելը կարող է նշանակել հրաժարում պետականությունից ու անկախությունից. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԽՍՀՄ քարտեզներից հրաժարվելը կարող է նշանակել հրաժարում պետականությունից ու անկախությունից. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառվող թեզերին, թե Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում Խորհրդային միության քարտեզները դնելու մոտեցումն անընդունելի է։ «Արմենպրես»֊ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»֊ի իր էջում՝ անդրադառնալով իր հրապարակումների տակ քաղաքացիների արած մեկնաբանություններին։ 

«Խոսվում է գոյություն չունեցող երկրի՝ ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետև մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով,  և միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար: 

Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա:  Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ»,֊ նշել է ՀՀ վարչապետը:

Խոսելով Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացված սահմանազատմանը և մեղադրանքների մասին, թե ՀՀ իշխանությունն այդ հատվածում ՀՀ սուվերեն տարածք է զիջել՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ Կիրանցում իրենք ՀՀ սուվերեն տարածք չեն տվել, այլ ֆիքսել են ՀՀ սահմանը։ «Մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը, և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց և սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը»,֊ ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Ինչ վերաբերվում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, վարչապետը նշել է, որ իրենք երկար զբաղվել են դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ և ոչինչ չի գտնվել, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի:

«Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք ևս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե՛ Կիրանցը, թե՛ Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել և այսպես շարունակ:  

Եվ ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների և շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում» ֊ եզրափակել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում