Քաղաքականություն

Հակոբ Ասլանյանը հայտարարել է ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով սառեցնելու մասին

3 րոպեի ընթերցում

Հակոբ Ասլանյանը հայտարարել է  ՔՊ-ի հետ համագործակցությունը մեկ ամսով սառեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Ասլանյանը հայտարարել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնելու է համագործակցությունը ՔՊ-ի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբ Ասլանյանն այս մասին ասել է Factor TV-ին տված հարցազրույցում։ «Ես պարոն Կոնջորյանին (խմբ․ ԱԺ «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան) ասել եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չեմ մասնակցելու  խմբակցության նիստերին։ Ես մտածեցի և հասկացա, որ չպետք է մասնակցեմ։ Ես մեկ ամսով սառեցնում եմ իմ համագործակցությունը ՔՊ-ի հետ։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ խոսակցություններ կապվեն ինձ հետ»,- ասել է Ասլանյանը։ 

Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորված է Հովիկ Աղազարյանի հետ կապված գործընթացների հետ։ 

Ասլանյանն ակնկալում է, որ այդ մեկ ամսվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու Հովիկ Աղազարյանը կճշտեն իրենց հարաբերությունները։ 

Նրա կարծիքով՝ Աղազարյանի հետ տեղի ունեցածը պարզաբանումների կարիք ունի, քանի որ նրա նկատմամբ արդար որոշում չի կայացվել։ Պատգամավորն այն կարծիքին է, որ Աղազարյանի արարքներում որևէ բան չկա, որը պատճառ կլիներ նրան կուսակցությունից հեռացնելու։ 

Հարցին, թե որո՞նք են լինելու իր քայլերը, եթե Հովիկ Աղազարյանը չվերադառնա խմբակցություն, նա նշեց, որ շարունակելու է իր պետականամետ գործունեությունը՝ կլինի որպես անկախ պատգամավոր, թե խմբակցության կազմում։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։ 
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում