Հայաստան

Պետական շահերի պաշտպանության ոլորտում նկատվում է արդյունավետության էական աճ․ հետազոտական զեկույց

3 րոպեի ընթերցում

Պետական շահերի պաշտպանության ոլորտում նկատվում է արդյունավետության էական աճ․ հետազոտական զեկույց

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Մհեր Մկրտչյանը մասնակցել է «Արդարադատության բարոմետր․ գնահատելով դատական արձագանքը կոռուպցիային» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտական զեկույցի շնորհանդեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զեկույցում անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն դատարանում քաղաքացիական և քրեական գործերի քննության արդյունքներին ու իրավիճակին: 

Վարչության պետը ներկայացրել է կոռուպցիոն գործերի քննության արդյունավետության բարձրացմանն ուղղված իրավական նոր գործիքակազմերը, ոլորտի մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում Դատախազության արձանագրած ձեռքբերումներին: Այս համատեքստում Մհեր Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի նոյեմբերը, Դատախազության պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքը, ինչպես նաև դրամական միջոցներն ընդհանուր առմամբ գերազանցել է 30 միլիոն ԱՄՆ դոլարը։ 

Անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթների վիճակագրությանը՝ Վարչության պետը նշել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 131 քրեական գործ՝ 287 անձի վերաբերյալ: Մհեր Մկրտչյանի խոսքով՝ 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում դատարաններում ավարտվել է 91 քրեական գործ` 146 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 88-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, 3 գործով 6 ամբաստանյալի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ (ներկայացվել են վերաքննիչ բողոքներ): 

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնի ղեկավար Ադելաիդա Բաղդասարյանը։

Զեկույցի ներկայացման ժամանակ նշվել է, որ պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու միջոցով 2018-2022 թվականներին վերականգնված դրամական միջոցների ծավալը հիմնականում չի գերազանցել պետությանը պատճառված վնասի անգամ մեկ տոկոսը (յուրաքանչյուր տարվա համար միջինում այն կազմել է 0,25%): Սակայն 2023 թվականին նկատվում է այս իրավական մեխանիզմի արդյունավետության էական աճ. վերականգնված վնասը կազմում է պատճառված վնասի ավելի քան 5%-ը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական ռեսուրսների կենտրոնի ու «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համատեղ ծրագիրն իրականացվել է «Նուբար և Աննա Աֆեյան հիմնադրամ»-ի աջակցությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում