ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և հավատում է, որ դա կարող է դրական ազդել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մանամայի երկխոսության» շրջանակներում պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով։ Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։