Հայաստան

Մեր ներդրած ներուժից է կախված, թե ՀՀ քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից. Արփինե Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Մեր ներդրած ներուժից է կախված, թե ՀՀ քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից. Արփինե Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Արփինե Սարգսյանն իր խոսքում կարևորել է միասնական կառավարում ունեցող ուսումնական հաստատության գաղափարը՝ նշելով, որ կրթական միջավայրի բարելավումը և ոլորտային բարեփոխումները նախարարության և պետության համար ռազմավարական գերակա ուղղություններից են, քանի որ այն հանրության անվտանգության ապահովման կազմակերպման նոր մոտեցում և հնարավորություն է։

Նա նաև նշել է, որ ՆԳ նախարարության կողմից կրթական բարեփոխումների նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ մասնագետներ պատրաստելն է թե՛ ոստիկանական, թե՛ փրկարարական ոլորտում։

Ներկայացվել է կրթական համակարգի ինստիտուցիոնալ փոփոխությունների հայեցակարգը, որն ուղղված է կրթության որակի լավարկմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Ընդգծելով, որ ցանկացած համակողմանի փոփոխության հիմքում մարդկային ներուժն է որպես շարժիչ ուժ՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ հենց նախարարության ներդրած ներուժից է կախված, թե վաղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպիսի ծառայություն կարող են ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից: 

Արփինե Սարգսյանի խոսքով՝ միասնական կրթահամալիրը պետք է նաև գիտահետազոտական լաբ հանդիսանա, որը միտված կլինի յուրաքանչյուր իրավախախտման կանխարգելմանը, որովհետև, ի վերջո, գիտական աղբյուրներից կտրվելն ու միայն առկա վիճակագրության հիման վրա լուծումներ նախատեսելը լիարժեք չէ:

Մասնակիցները ներկայացրել են ուսումնական միջավայրի, նյութատեխնիկական բազայի զարգացման, կրթական գործընթացի թափանցիկության վերաբերյալ առաջարկներ:

Հանդիպումներին առցանց ձևաչափով մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում