ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո լաբեր»-ը, որն առաջատար տեխնոլոգիական և ինժեներական հանգույց է 18-ից բարձր տարիքի ուսանողների համար և ԵՄ Թումո ինժեներության և կիրառական գիտությունների համալիրի կրթական ծրագիրն է, հայտարարում է կիբեռանվտանգության ոլորտի մեկամյա նախաձեռնության մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո լաբեր»-ից, «Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների և կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագիրը նպատակ ունի երիտասարդներին օգնել ձեռք բերել Հայաստանի կիբեռանվտանգության ոլորտի խնդիրների լուծման համար անհրաժեշտ վերլուծական հմտություններ, գիտելիքներ և գործնական կապեր:
«Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում:
«Նախաձեռնությունն ունի չորս բաղադրիչ.
- Բովանդակության մշակում. «Թումո լաբեր»-ն իր ուղղորդված ինքնուսուցման ծրագրի համար կստեղծի սկսնակից մինչև առաջադեմ մակարդակների համար կիբեռանվտանգության ոլորտի մասին ինքնուսուցման հասանելի մոդուլներ: Բովանդակությունը կմշակեն ոլորտի փորձագետներն ու «Թումո լաբեր»-ի մասնագիտական ցանցի ներկայացուցիչները:
- Կիբեռանվտանգության սպրինտեր. կկազմակերպվեն երկու չորսշաբաթյա սպրինտեր, որոնց ընթացքում թիմերը լուծումներ կառաջարկեն կիբեռանվտանգության ոլորտի իրական մարտահրավերների համար: Ոլորտի մասնագետները մասնակիցներին կուղղորդեն որպես մենթորներ, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց լուծումները յուրաքանչյուր սպրինտի ավարտական միջոցառմանը, որի ընթացքում լավագույն թիմերը կկարողանան ձեռք բերել նախնական ֆինանսավորում:
- 42 Երևանի կոդավորման ճամբար. 42 Երևանի հիմնական ուսումնական ծրագրի շրջանավարտների համար կկազմակերպվի կիբեռանվտանգության ոլորտի ճամբար` զինելով նրանց այս ոլորտում կարիերայի աճի համար անհրաժեշտ փորձառությամբ:
Նախագծային հիմք ունեցող ուսուցում. մասնակիցները կիրականացնեն - կիբեռանվտանգության ոլորտի նախագծեր՝ պրակտիկ փորձ ձեռք բերելու համար: Ծրագիրը հնարավորություն կընձեռնի նաև կիբեռանվտանգության ոլորտի նախագծային հիմք ունեցող ուսուցումն ավարտած ուսանողներին փորձարկել իրենց գիտելիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունն արտացոլում է «Թումո լաբեր»-ի հանձնառությունը՝ անվճար և բարձրորակ կրթությամբ ապահովել 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց: «Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների և կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանում թվային դիմացկունությունն ուժեղացնելու, երիտասարդներին թվային տնտեսության ոլորտում կարևոր դերակատարության նախապատրաստելու և կիբեռանվտանգության ոլորտում համաշխարհային պահանջարկը բավարարելու գործում:
«Թումո լաբեր»-ի մասին
«Թումո լաբեր»-ը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առանցքային նախաձեռնությունն ու ԵՄ Թումո ինժեներության և կիրառական գիտությունների համալիրի կրթական ծրագիրն է: Որպես դինամիկ կրթական հանգույց՝ «Թումո լաբեր»-ն առաջարկում է գործնական ծրագրեր տեխնոլոգիաների, գիտության և ճարտարագիտության ոլորտներում: Անվճար ծրագրերը հասանելի են 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ հնարավորություն տալով նրանց ուսումնասիրել և զարգացնել իրենց փորձառությունը այս փոխակերպվող ոլորտներում:
ՀՏՀԳ-ի մասին
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը ստեղծվել է 2022 թվականին՝ Հայաստանի թվային օրակարգի առաջմղմանը նպաստելու նպատակով։ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ ղեկավարմամբ` գործակալությունը պատասխանատու է պետական ծառայությունների մատուցման և թվային նախաձեռնությունների համար հիմնական չափորոշիչների մշակման համար: Վստահության հիմքով թվային հասարակություն և տնտեսությունը խթանելով՝ ՀՏՀԳ-ն նպատակ ունի ստեղծել անվտանգ, բաց և արդյունավետ թվային միջավայր՝ ապահովելով թվային ծառայությունների հարթ ու արդյունավետ ինտեգրումը հանրային և մասնավոր հատվածներում: Ապահովելով կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ ՀՏՀԳ-ն հանձնառու է հզորացնել երկրի կիբեռանվտանգությանն ուղղված ջանքերը՝ Հայաստանի համար անվտանգ, դիմացկուն թվային էկոհամակարգ պահպանելու համար:
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասին
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում սկսել է իր գործունեությունը վաղ 1990-ականներից և Երևանում գլխավոր գրասենյակը բացել է 2002-ին: «GIZ Հայաստան»-ը՝ որպես Հայաստանի կառավարության վաղեմի գործընկեր, աշխատում է Գերմանիայի կառավարության անունից՝ կայուն զարգացման համար միջազգային համագործակցության ոլորտում գլոբալ մարտահրավերների համար որակյալ և արդյունքների վրա հիմնված ինտեգրված լուծումներ ապահովելու ուղղությամբ: Ավելի ժողովրդավար, ներառական, կանաչ և բարգավաճող Հայաստանին նպաստելու համար GIZ-ն աշխատում է երեք հիմնական ոլորտներում` 1. կայուն տնտեսական զարգացում, ուսուցում և զբաղվածություն, 2. խաղաղ և ներառական հասարակություններ և 3. կլիմա ու էներգիա: