Կրթություն

ՄԿՈՒ հաստատությունների վերապատրաստված և ատեստավորված մանկավարժների աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն. նախարար

3 րոպեի ընթերցում

ՄԿՈՒ հաստատությունների վերապատրաստված և ատեստավորված մանկավարժների աշխատավարձերն ավելի քան կկրկնապատկվեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված  կամ տարակարգ ստացած մանկավարժների աշխատավարձերի դրույքաչափի և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ այս տարվա փետրվարին նախարարի հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը, որի հիման վրա չորս ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել են քոլեջներում աշխատող շուրջ 361 համապատասխան աշխատողներ: Նոյեմբերի 30-ին նրանց համար կազմակերպվել է  նաև ատեստավորման գործընթացը:

«Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորումը: Նախագծով սահմանվում է ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման խորախուսման համակարգին: Մասնավորապես՝ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվում է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության պարագայում, իսկ 70 տոկոս  և բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, բացի դրույքաչափից, կիրառվելու են նաև հավելավճարներ»,-ներկայացրեց Անդրեասյանը:

Ըստ այդմ՝ 70-79 տոկոս արդյունք գրանցելու պարագայում հավելավճարը կկազմի 30 տոկոս, 80-89 տոկոսի դեպքում՝ 40, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 50 տոկոս հավելավճար:

«Պետք է նշեմ, որ եթե դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի սահմանման լրացուցիչ կարգավորում կա, ապա այստեղ նման բան չի գործում, և այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին։ Հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում: Այս ձևով համակարգում ավելի քան կրկնապատկելու ենք մանկավարժական աշխատողների վարձատրությունը»,-մանրամասնեց Անդրեասյանը՝ հավելելով, որ ատեստավորման արդյունքում հաջող արդյունք ցուցաբերած մանկավարժները արդեն իսկ դեկտեմբերին կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը:

Ըստ նախարարի՝ հաջորդ տարվանից կգործի տարակարգի միջոցով խրախուսման համակարգը, որը հավելյալ  հնարավորություն է տալու 20,30 և 50 տոկոս հավելավճարներ ստանալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում