Քաղաքականություն

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Գեղամ Մանուկյանին իր հոգին «փոթորկող» հիշեցումների համար

2 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Գեղամ Մանուկյանին իր հոգին «փոթորկող» հիշեցումների համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին իր նախկին խոսքերը հիշեցնելու համար՝ ընդգծելով, որ այդ հիշեցումները որոշ առումով հիմք են դարձել որոշակի քայլեր ձեռնարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատգամավորը հետաքրքրվեց, թե վարչապետի թևավոր խոսքերից ո՞րն է ժողովուրդը հիշելու, երբ նա այլևս չլինի աշխատասենյակում։

Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ ինքն առանձնապես չի ակնկալում, որ իր մտքերը կմնան հիշողության մեջ, բայց Մանուկյանի ջանքերի շնորհիվ դրանք մոռացության չեն մատնվի։

«Ես այդքան անհամեստ չեմ գտնվի, որպեսզի մտածեմ, թե իմ մտքերն այդքան շատ հիշելու են, բայց ես համոզված եմ, որ ձեր մտքերն են շատ երկար հիշելու։ Այն մտքերը, որտեղ դուք ցիտում եք իմ մտքերը։ Իմ մտքերը հաստատ կմոռանան, բայց ձեզ և ձեր ցիտատները հաստատ չեն մոռանա։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ առանց որևէ հումորի և հեգնանքի, որովհետև այդ թվում մեր վերջին բյուջեի քննարկման ընթացքում ձեր ցիտատները փոթորկեցին իմ հոգին, որը նաև ինձ որոշակի գործողությունների մղեց։ Ես դրա մասին արտահայտվել եմ և դրանք կոնկրետ գործողություններ են դարձել»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը «պադավատապետության» մասին, պետբյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել էր կառավարության ծախսերին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում