ԱԺ նախագահը վստահեցնում է՝ մինչև երեկ փորձել է պաշտպանել Հովիկ Աղազարյանին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ մինչև երեկ փորձել է ամեն կերպ պաշտպանել Հովիկ Աղազարյանին, ում հեռացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, սակայն շոկի մեջ է հայտնվել նրանից, ինչ իմացել է նախորդ օրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Գաղտնիության գրիֆ ունեցող և գաղտնի ինֆորմացիա կրող անձինք, ինչպիսին են ՀՀ ազգային ժողովի պատգամավորները, պետք է իմանան, որ ինչ-որ ինֆորմացիա կա, որ իրենք իրավունք չունեն հրապարակել»,-ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա՝ ՔՊ-ն վերջերս՝ 1-2 օր առաջ է իմացել, որ Հովիկ Աղազարյանը ինֆորմացիայի արտահոսք է կազմակերպել:
ԱԺ նախագահի խոսքով՝ նախորդ օրը կուսակցության վարչության նիստում Հովիկ Աղազարյանի՝ կուսակցությունից դուրս գալու հարցի՝ 1.5 ժամ տևած քննարկման ընթացքում չեն անդրադարձել ԱԺ-ում լսումների ժամանակ Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցածին, վարչապետի՝ մանդատը վայր դնելու հորդորին:
«Ես շոկի մեջ եմ եղել նրանից, ինչ ես երեկ իմացել եմ: Անկեղծ եմ ուզում լինել՝ ես մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, քանի որ իմ գործընկերն է, միասին ճանապարհ ենք անցել: Բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն ինչ-որ ձևով խեղդել»,-ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա՝ Աղազարյանն անգամ չի զղջացել, ավելի ագրեսիվ է եղել, հակառակվել է: «Իմ մոտ նաև տպավորություն կա՝ ադեկվատության հետ կապված»,-նշեց ԱԺ նախագահը:
Ըստ նրա՝ խոսքը ոչ միայն պետությանը վնաս հասցնելու մասին է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։