Հայաստան

Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի Բյուրոյի անդամ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներկայացուցիչը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի Բյուրոյի անդամ

ԵՐԵՎԱՆ, 2  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-29-ը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության շուրջ կոնվենցիայի կողմերի 13-րդ համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովը նվիրված էր կլիմայի փոփոխությունների հետ կապված այն խնդիրների լուծմանը, որոնք բարձրացնում են արդյունաբերական և տեխնածին աղետների ռիսկերը: Այդ համատեքստում մասնակիցներն ընդգծել են անդրսահմանային համագործակցության և կայունության ապահովմանն ուղղված նորարարական լուծումների կարևորությունը:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարերային տարբեր երևույթներով պայմանավորված՝ արդյունաբերական համակցված աղետներին:

Քննարկվել են արդյունաբերական անվտանգության ռիսկերը, որոնք կապված են օգտակար հանածոների, վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և այլ ասպեկտների հետ:

Տեխնածին աղետների փորձագիտական խումբը դիտարկել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած տեխնածին աղետների աճող ռիսկերը՝ ներկայացնելով ռիսկերի կառավարման ոլորտում համատեղ ջանքերի կարևորությունը։

Կազմակերպչական և ֆինանսական ընդհանուր հարցերից բացի, համաժողովում ամփոփվել են 2023-2024 թթ. իրականացված աշխատանքները, հաստատվել են 2025-2026 թթ. իրականացվելիք առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկել բնատեխնածին աղետների կառավարման նոր ռազմավարության մշակման հնարավորություններն ու առաջիկա քայլերը։

Համաժողովում 2025-2026 թթ. երկամյա ժամանակահատվածի համար ընտրվել է Կոնվենցիայի Բյուրոյի 10 անդամ։ Բյուրոյի անդամ է վերընտրվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում