Քաղաքականություն

Լինելու եմ ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր․ Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին

2 րոպեի ընթերցում

Լինելու եմ ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր․ Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեղամ Նազարյանը իր հետագա գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ 

««Հայաստան» խմբակցությունում տեղի է ունեցել համատեղ քննարկում, և քննարկման արդյունքում որոշվել է, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր։ Խմբակցության հետ հանդիպումից բացի, հանդիպել եմ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և մենք նույնպես եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ խոսակցություններից և մեկնաբանություններից խուսափելու համար ճիշտ կլինի, որ ես աշխատեմ որպես անկախ պատգամավոր»,- ասաց Նազարյանը։

Նա կոչով դիմել է հանրությանը և ակտիվիստներին՝ նշելով, որ իր խմբակցությունից դուրս գալը չի նշանակում, որ ինքը պատրաստվում է համագործակցել իշխանական ուժերի հետ։

«Ուղղակի որոշ հասարակական գործիչների, ֆեյսբուքյան ակտիվիստների մի խնդրանք ու կոչ ունեմ՝ չփորձեք խմբակցությունից դուրս գալը և անկախ պատգամավորի աշխատանքը ներկայացնել այնպես, որ Գեղամ Նազարյանը անցում է կատարում ՔՊ։ Ընդհակառակը, ես լինելու եմ ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- ընդգծեց նա։ 

Գեղամ Նազարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս հայտարարությունն առաջացրել է դժգոհություն նրա խմբակցության ներսում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը։  Ագնեսա Խամոյանի հայտարարությունից որոշ ժամանակ անց Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Հայաստան» խմբակցությունից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում