Հայաստան

Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը

3 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի, Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացման միջոցառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը և անդրադարձել ծառայության գործարկման նախապատմությանը․

«2024 թվականի հունվարի 1-ից գործում է Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքը և օրենսդրության գործարկումից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ծառայության կայացման գործընթացին։ Բավականին ծավալուն օրենսդրական աշխատանքից հետո արդեն հասել ենք ծառայության համալրման գործընթացին»։

Նախարարն անդրադարձել է բնության պահպանության գործառույթի կատարմանը տարբեր ժամանակներում և հիշեցրել, որ անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանությունը իրականացվել է տարբեր մարմինների կողմից և ոչ 24-ժամյա գրաֆիկով, ինչը շատ դեպքերում արդյունավետ չի եղել, ինչն էլ հիմք է հանդիսացել միավորելու այդ մարմինները և գործառույթները։

«Հույս ունեմ` այս ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան, որն ունենք մեր անտառների, կենդանական և բուսական աշխարհի հանդեպ»,-նշել է նախարարը։

Ելույթներով հանդես են եկել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։ 

Ներկայացվել են ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։

Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան և միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել պատասխանատուներին ուղղել իրենց հուզող հարցերը։

Ամփոփելով միջոցառումը՝ նախարար Սիմիդյանը նշել է, որ ծառայության վերաբերյալ իրազեկման հանդիպումները լինելու են շարունակական և հորդորել քաղաքացիներին դիմել և մասնակցել հայտարարաված թափուր հաստիքների համալրման մրցույթներին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում