Պրոֆեսոր Եպիսկոպոսյանը մանրամասներ ներկայացրեց հայերի ծագման մասին Հերոդոտոսի վարկածը հերքող գիտական հոդվածից

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական գենոֆոնդի՝ շուրջ 25 տարի առաջ սկսած ուսումնասիրությունները հանգեցնում են այն եզրակացությանը, որ հայերը չունեն բալկանյան ծագում, և այդ առումով կարելի է նաև 100 տոկոսով ժխտել անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» գիտական աշխատության շնորհանդեսի ընթացքում ասաց պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։

«Ընդհանուր առմամբ, մենք մեր առջև խնդիր չենք դրել հերքել ինչ-որ մի բան կամ հաստատել մի ուրիշ բան։ Մեր աշխատանքի ընդհանուր գաղափարը, որը սկսվել է 25 տարի առաջ, այն է, որ մենք պետք է նկարագրենք մեր գենոֆոնդը։ Մեր գենոֆոնդը սկսել ենք նկարագրել մոտավորապես 2000 թվականից, այսինքն արդեն համարյա քառորդ դար է, և նկարագրումը սկսվել է առանձին հատվածներից։ Առաջին հատվածը եղել է «Y» քրոմոսոմը, և այդ մակարդակով մենք հասանք այն եզրակացությանը, որ հայերը չունեն բալկանյան ծագում, բայց դա քիչ էր, դա այդքան էլ համոզիչ չէր», - իր խոսքում նշեց պրոֆեսոր Եպիսկոպոսյանը՝ հավելելով, որ անհարժեշտ էր սպասել ամբողջական գենոմի տվյալների ստացմանը և  միայն դրա հիման վրա կարելի կլիներ պրոֆեսիոնալ իրավունք ունենալ՝ հաստատելու կամ ժխտենու Հերոդոտոսի վարկածը։

Եպիսկոպոսյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 100 տոկոսով կարելի է ժխտել այդ վարկածը, սակայն, միաժամանակ ցավալի համարեց այն հանգամանքը, որ Հերոդոտոսի այդ վարկածն առ այսօր շարունակում է տարածվել պատմաբանների, լեզվաբանների մոտ, և այդ գաղափարը, այդ տեսակետն այսօր իշխում է ինչպես դպրոցական, այնպես էլ բուհերի դասագրքերում։ 

«Հույս ունենք, որ այս հերքումը կփոխարինի այն դասագրքերում», - ասաց պրոֆեսորը։

Անդրադառնալով գենոֆոնդի ուսումնասիրության արդյունքում սասունցիների՝ ասորական ծագման վերաբերյալ տեսակետին՝ Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ կան պատմաբանների կողմից ինչ-որ ոչ այդքան հիմնավորված տեղեկություններ։ 

Հայաստան

Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին

Նրա դիտարկմամբ՝ Սասունի հետ կապված տեղեկություններն ու տեսակետները գենետիկայի և մարդաբանության տեսակետից այդքան էլ հուսալի և վստահելի չեն։

«ԴՆԹ նմուշների հիման վրա մեր պնդումները, մեր հետևությունները և մեր եզրակացությունները բավականին ամուր են։ Ամենակարևորը դա այն է, որ մեր եզրակացությունները հիմնված են ոչ միայն ժամանակակից ԴՆԹ նմուշների, այլ նաև հնագույն նմուշների վրա», - ասաց Եպիսկոպոսյանը։

Պրոֆեսորի խոսքով՝ հայկական հնագույն ԴՆԹ-ից մինչև ժամանակակից ԴՆԹ նմուշները գտնվում են այն տիրույթում, որտեղ Կովկասն է և Մերձավոր Արեւելքը։

«Ուսումնասիրություններն ու գիտական աշխատանքներն այսօր կատարվում են Դուբլինի համալսարանում, այստեղ իր մասնակցությունն է ունեցել նաև իմ նախկին ասպիրանտ Անահիտ Հովհաննիսյանը», - հայտնեց պրոֆեսորը։

Նրա բնորոշմամբ՝ նույնիսկ մարդու ոսկրանյութի բացակայության դեպքում, կարելի է մարդու ԴՆԹ-ն հայտնաբերել հենց հողի մեջ, քանի որ մարդն, ապրելով այնտեղ, գործելով այնտեղ, ինքը թողնում է իր հետքերը, կենսաբանական հետքերը, գենետիկական հետքերը։ 

Լևոն Եպիսկոպոսյանը նաև հավելեց, որ այս աշխատանքներն իրականացվել են աշխարհի տարբեր համալսարանների, թանգարանների հետ համագործակցությամբ, քանի որ առանց դրա ուղղակի անհնար է արդյունքի հասնել։ 

«Պարզ է, որ մեր հրապարակված հոդվածը բավականին բարդ է, քանի որ այսօր գենետիկան պահանջում է շատ մոդելներ օգտագործել՝ մաթեմատիկական մոդելներ, վիճակագրական մոդելներ, և միշտ չէ, որ սովորական ընթերցողը կարողանում է հասկանալ՝ ինչ է այնտեղ գրված», - նշեց Եպիսկոպոսյանը՝ խոսելով ծագումնաբանական հոդվածների հանրամատչելիության մասին։ 

Այս առումով, նա կարևորեց, որ հայկական ծագումնաբանությանը վերաբերող նյութերը, հոդվածները մտնեն դասագրքեր։

«Սկսած բրոնզե դարից՝ հայկական գենոֆոնդի մոտավորապես 30%-ն է, որ  փոփոխության է ենթարկվել։ 70%–ը, այսինքն՝ մեծամասնությունն, անփոփոխ է մնացել, ընդ որում, մեր գենոֆոնդի արևելյան հատվածն, այսինքն՝ Ուտիքը, Արցախը, Սյունիքի բնակչությունը գրեթե անփոփոխ է մնացել», - մանրամասնեց պրոֆեսոր Եպիսկոպոսյանը։ 

Նրա խոսքով՝ ունենալով այս բոլոր տեղեկությունները՝ անհրաժեշտ է դրանք օգտագործել ոչ միայն գիտական մթնոլորտում, ոչ միայն ինստիտուտների, ասպիրանտների, գիտաշխատողների տիրույթում, այլ, ինչու ոչ, նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված հոդվածում գենետիկները կարդացել են 57 հայերի ԴՆԹ-ն՝ նրանց պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունն ուսումնասիրելու նպատակով և հաստատել են դիտարկումներն այն մասին, որ ժամանակակից հայերին գենետիկորեն մոտ մարդիկ կովկասյան տարածաշրջանում ապրել են դեռ բրոնզի դարում:

Ուսումնասիրությունների արդյունքներով՝ գիտնականները հերքել էին նաև անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը