ԿԲ-ն գնաճի թիրախը 3 տոկոսի իջեցնելու մի քանի պատճառ է նշում. տնտեսագետը դա տնտեսության համար դրական է գնահատում

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկն առաջարկում է գնաճի  նպատակային 4 տոկոս ցուցանիշը նվազեցնել՝ հասցնելով 3-ի: Սա նշանակում է, որ Կենտրոնական բանկն առաջիկա 3 տարվա հորիզոնում գնաճը պետք է մոտեցնի 3 տոկոսի: ԿԲ-ն սրանով փորձում է ցուցանիշն ավելի մոտեցնել ու համադրելի դարձնել հասարակության՝ գների կայունության ընկալմանը: Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը գլխավոր դրամատան այս առաջարկը տնտեսության համար դրական է համարում՝ մատնանշելով կարճաժամկետ հորիզոնում հնարավոր ռիսկերը, երկարաժամկետ կտրվածքում սպասվող ազդեցություններն ու արդյունքները:

ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում այս առաջարկը պայմանավորեց վերջին տարիների զարգացումներով և 2006 թվականից գնաճի 4 տոկոս նպատակային ցուցանիշ սահմանելուց ի վեր ողջ ընթացքի վերլուծությամբ:

«Այդ ամբողջ ընթացքում մեր գնաճի միջին ցուցանիշը եղել է 3.9 տոկոս: Այսինքն՝ այդ ամբողջ ընթացքում Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել հենց նպատակային 4 տոկոս ցուցանիշը: Այդ ընթացքում մենք տարբեր շոկեր, ցնցումներ ենք ունեցել: Եվ այդ ցնցումների ժամանակ գնաճի տատանողականությունը միշտ բարձր էր լինում, սպասումների ապախարսխման ռիսկեր էին առաջանում: Դա ցուցիչ էր, որ, գուցե, այդ 4 տոկոս նպատակային ցուցանիշը չի արտացոլում հասարակության՝ գների կայունության հետ կապված ընկալումները: Մեր նպատակն է, որ այդ ցուցանիշը համադրելի լինի մեր բոլորի՝ գների կայունության ընկալման հետ: Այսինքն՝ երբ ԿԲ-ն ապահովում է նպատակային ցուցանիշը, հասարակության մոտ պետք է ձևավորի այնպիսի ընկալում, որ գները կայուն են, հասարակությունը չի տեսնում ընդհանուր գների փոփոխություն, դա իր կյանքում խնդիրներ չի առաջացնում: Բայց այդ շոկերի ժամանակ դրսևորված վարքագծերը փաստում էին, որ, գուցե, ցուցանիշը հասարակության մոտ  որոշակիորեն գների կայունության ընկալում չի ապահովել»,-ասաց նա:

Նա հավատացնում  է՝ երբ ԿԲ-ի ցուցանիշը մոտ է հասարակության՝ գների կայունության ընկալմանը՝ դա միանշանակ դրական ազդեցություն է ունենում: «Սպառողների մոտ առաջացնում է ընկալում, որ գները կայուն են, սպառման, խնայողությունների պլանավորումն ավելի հեշտ է դառնում: Սպառողները գնաճի պատճառով իրենց խնայողությունները կորցնելու վախ չեն ունենում: Սպառման իմաստով չեն մտահոգվում իրենց եկամուտների գնողունակության կորստի համար»,-ասաց ԿԲ պաշտոնյան:

Բացի այդ՝ գնաճի 4 տոկոս նպատակային ցուցանիշ սահմանելուց մինչև օրս տեղի են ունեցել ինստիտուցիոնալ մի քանի փոփոխություններ: Օրինակ՝ փոխվել է վիճակագրական ցուցանիշի հաշվարկման տրամաբանությունը: Նախկինում զամբյուղը, որով հաշվարկվում էր գնաճի ցուցանիշը, 5 տարին մեկ էր փոփոխվում: Այժմ զամբյուղը փոփոխվում է ամեն տարի: Ավետիսյանը նկատեց՝ 5 տարվա ընթացքում հասարակությունը փոխում էր սպառվող ապրանքները, սակայն գնաճը հաշվարկվում էր հին զամբյուղի հիման վրա: ԿԲ-ները սովորաբար դա դիտարկում են գնաճի նպատակային ցուցանիշի մեջ՝ ավելի  բարձր ցուցանիշ սահմանելով: «Հիմա, երբ մեր զամբյուղն ավելի հաճախակի են վերանայում, բնականաբար, սխալը փոքրանում է: Դա ևս մեկ հիմք է տալիս ենթադրելու, որ պետք է գործ ունենանք գնաճի ավելի ցածր նպատակի հետ»,-ասաց ԿԲ պաշտոնյան:  

Նրա խոսքով՝ այդ ընթացքում նաև տնտեսության ինստիտուցիոնալ փոփոխությունները, այդ թվում՝ աշխատուժի շուկայի ճկունության ավելացման և դրամավարկային քաղաքականության կատարելագործման իմաստով, ԿԲ-ին հիմք են տալիս ենթադրելու, որ ավելի ցածր գնաճի նպատակային ցուցանիշը շատ ավելի համադրելի է գների կայունության նպատակի հետ, նաև հասարակության տեսանկյունից շատ ավելի ընդունելի ու ընկալելի է: 

ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենը նաև նկատել է՝ շատ արտադրողներ մտայնություն ունեն, թե ցածր գնաճային միջավայրը վնասում է իրենց: Այնինչ, Ավետիսյանը վստահեցրեց՝ գների կայունության ընկալմանը համադրելի գնաճի ցուցանիշը միայն օգնում է: «Արտադրողների, ներդրողների համար ևս կանխատեսելի միջավայր է  ստեղծվում՝ իրենց ծախսերի կառուցվածքի տեսանկյունից, իրենք, օրինակ, աշխատավարձերի ֆոնդ, այլ ծախսեր են պլանավորում: Հետևաբար, ավելի ցածր գնաճն ավելի հեշտ է դարձնում պլանավորել իրենց ապագա ներդրումներն ու ծախսերը»,-ասաց Ավետիսյանը: 

Այսպիսով, ըստ ԿԲ պաշտոնյանի՝ ավելի ցածր գնաճի նպատակային ցուցանիշը երկարաժամկետ իմաստով միայն դրական է թե՛ սպառողների, թե՛ արտադրողների տեսանկյունից. ավելի երկարաժամկետ խնայողություններ, եկամուտների գնողունակության կայունություն, ներդրումների համար ավելի կանխատեսելի միջավայր: 

ԿԲ-ն, այսպիսով, նոր հանձնառություն է վերցնելու՝ 4-ի փոխարեն ապահովել 3 տոկոս գնաճ: Ըստ նրա՝ եթե հասարակությունը վստահություն ունի ԿԲ-ի նկատմամբ, դա ապահովելն ավելի հեշտ է լինելու:  Նա այս պահը շատ հարմար ժամանակ է համարում՝ անցումը կազմակերպելու համար: «Օրինակ՝ տնտեսությունն այս պահին բավականին մոտ է իր հավասարակշռության վիճակին, տնտեսական աճը բարձր է, ավելի մոտ է մեր ներուժային աճի ցուցանիշներին, գնաճային սպասումները հիմնականում կայուն են և խարսխված»,–նշեց Ավետիսյանը: 

Ի դեպ, գնաճի նպատակային ցուցանիշի ապահովման համար 3 տարվա հորիզոն է դիտարկվում: Եվ ցանկացած տնտեսական իրավիճակում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված է 3 տարվա հորիզոնում գնաճը մոտեցնելու այդ նպատակային ցուցանիշին: Իսկ դրա հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն է: «Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությամբ նպատակ ունենք կա՛մ խթանել, կա՛մ զսպել հասարակության կողմից սպառման և խնայողությունների որոշման կայացումը: Երբ ուզում ենք, որ մարդիկ ավելի շատ խնայեն, ու ավելի քիչ գնաճային միջավայր ձևավորվի, սահմանում ենք ավելի բարձր տոկոսադրույքներ և հակառակը»,-ասաց Ավետիսյանը:

Անդրադառնալով համադրելի երկրներում գնաճի նպատակային ցուցանիշին՝ նա ասաց, որ զարգացող երկրներն ունեն գնաճի նպատակային ցուցանիշի 3 խումբ՝ շատ բարձր՝ 5 և ավելի նպատակային ցուցանիշ՝ 4 տոկոս և 3 տոկոս: Կան նաև երկրներ, որոնք ավելի ցածր՝ 2-2.5 տոկոս են սահմանում: Մեծ մասը 4 և 3  տոկոսի շրջանակում են: 

«3 տոկոսի շուրջ սահմանում են մի փոքր ավելի զարգացած, ավելի կայացած, ինստիտուցիոնալ համակարգ ունեցող զարգացող երկրները, օրինակ՝ Լատինական Ամերիկայի պետություններից Մեքսիկան, Չիլին, Կոլումբիան, մեր տարածաշրջանում Վրաստանը, Հունգարիան, ասիական երկրներից Ֆիլիպինները, Ինդոնեզիան և այլն: Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը 4 տոկոսի շուրջ են»,–ասաց Ավետիսյանը: 

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերները ևս հաճախ են ասել, որ Հայաստանը բավականին շատ ներդրում է կատարել դրամավարկային համակարգի մեջ, գնաճի կարգավորման հարցում բավականին լավ կատարողական ունի: «Հետևաբար սա հիմք է տալիս, որ մենք կարող ենք ինստիտուցիոնալ իմաստով դասվել զարգացող երկրներից ավելի կայացածների շարքին»,-ասաց Ավետիսյանը: 

Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանի կարծիքով՝ ԿԲ-ն առաջարկում է սահմանել մի թիրախ, որը միայն լավ դրամավարկային քաղաքականություն իրականացնող կառույցը կարող է անել: Տնտեսագետն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը բավականին երկար ժամանակ է, որ կարողանում է իր թիրախի շուրջ կենտրոնացնել գնաճը: 

«Ցուցանիշի նվազեցումը մյուս կողմից էլ ենթադրում է, որ ԿԲ-ն, հնարավոր է, որ կարճաժամկետում ավելի բարձր պահի տոկոսադրույքները, որ կարողանա գնաճի ավելի ցածր մակարդակ ունենալ: Կարճաժամկետում այդ ազդեցությունը կարող է ֆինանսական համակարգն իր վրա զգալ, քանի որ ԿԲ-ն կարող է տոկոսադրույքները բավականին բարձր մակարդակի վրա պահել: Բնակչության համար դա դրական է: Եթե գնաճի սպասումները 4 տոկոսի շուրջ էին, ապա հիմա ավելի ցածր են լինելու: Բայց երկարաժամկետում այն ենթադրում է անվանական տոկոսադրույքների նվազեցում՝ շնորհիվ իրական տոկոսադրույքի ցածր մակարդակի, ինչը դրական է»,– «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ հարցն այն է, թե ԿԲ-ն ինչպես է ավելի ցածր ցուցանիշի շուրջ կենտրոնացնելու գնաճը: Սակայն տնտեսագետն առկա գնաճի, տոկոսադրույքների պայմաններում չի կարծում, թե դա ԿԲ-ի համար դա դժվար կլինի: Աղաբեկյանի խոսքով՝ այս պահին հակառակ խնդիրն է: Այս պահին գնաճի թիրախից շատ ցածր մակարդակ ունենալն է խնդիրը:   

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում սպառողական շուկայում հոկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 0․6 տոկոս: 

«Եթե մենք հիմա միջնաժամկետ ծրագրերը պլանավորում ենք 4 տոկոս գնաճի շուրջ, ապա վերանայումից հետո պետք է անենք ավելի ցածր գնաճի շուրջ: Մենք պետք է վստահ լինենք, որ ԿԲ-ն արդեն գնաճի մակարդակն ավելի ցածր թիրախի շուրջ է կենտրոնացնելու: Դա տնտեսության համար դրական է»,-ասաց տնտեսագետը:

Այսպիսով` Աղաբեկյանը Կենտրոնական բանկի այս առաջարկը դրական է համարում: 

Գնաճի նպատակային ցուցանիշը ներկայումս 4 տոկոս է` ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով: Գնաճի թիրախային ցուցանիշն իջեցնելու ԿԲ-ի առաջարկի մասին հայտնել էր Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում: Նա տեղեկացրել էր, որ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում են գնաճի նոր թիրախ սահմանելու հարցը:  Եթե առաջարկն ընդունվի, այն կներառվի 2025թ պետական բյուջեի մասին օրենքում:     

Հայերեն