Սուբվենցիոն ծրագրերի և բյուջեի հաստատում, մրցույթների անցկացում չի իրականացվում. Գյումրին առանց ղեկավարի է մեկ ամիս

11 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ ամիս է՝ Հայաստանի երկրորդ քաղաքը քաղաքապետ չունի: Իշխող «Բալասանյան» դաշինքը ավագանու մանդատները վայր դրեց, սրան զուգահեռ պաշտոնից ազատման դիմում ներկայացրին նաև Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը և քաղաքապետարանի բաժինների՝ դաշինքը ներկայացնող  ղեկավարները: Դաշինքի ցուցակի մյուս թեկնածուներն էլ ինքնաբացարկ հայտնեցին։ Դաշինքից մանդատները վայր դնելու պատճառների վերաբերյալ մինչ օրս  պարզաբանումներ չեն տրվել, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ կառավարումից հրաժարվելը կապված է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա մերձավորների դեմ քրեական գործի հարուցման հետ: Նույն գործի շրջանակներում տնային կալանքում է Գյումրիի մյուս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը: 

Այս ընթացքում գրեթե անգործության է մատնված ավագանին: «Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելուց հետո Գյումրիի ավագանին ունի 19 անդամ, ավագանու նիստն անցկացնելու համար քվորում կարող է ապահովվել 17 ձայնի առկայությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն այս պահին ամենաշատ՝ 11 ձայնն ունի, Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով նոյեմբերի 8-ին արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Ներկա էր ՔՊ-ի ավագանու 11 անդամ, մյուս խմբակցություններից որևէ մեկը ներկա չէր: 

Չնայած կառավարման ճգնաժամին՝ Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը փորձում է քաղաքում իրականացնել մաքրման ու աղբահանության աշխատանքներ, համայնքապատկան կառույցներն ու տրանսպորտն այս պահին աշխատում են, սակայն խնդիրներն ավելի խորն են՝ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հաստատում, բյուջեի հաստատում։ Վարչական վարույթների, հողերի հատկացման, մրցույթների անցկացում չի իրականացվում՝ այն պատասխանատու անձը, որը լիազորված է ստորագրել տարբեր մրցույթների և այլ հրատապ փաստաթղթերի տակ, չկա:

Գյումրիի ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարման ճգնաժամը կա, խնդիրները գնալով շատանում են: «Ինչ-որ կերպ կառավարման հարցը ժամ առաջ պետք է լուծվի: Եթե, օրինակ, աղբահանության խնդրի մասով ես ևս փորձել եմ իմ լուման ունենալ և համայնքին 600 լիտր դիզվառելիք տրամադրել՝ որպես նվիրատվություն, ապա ֆինանսական փաստաթղթերի խնդիր ունենք: Որևէ պատասխանատու չկա, որը անգամ խիստ անհրաժեշտության դեպքում կարողանա որոշում ընդունել, փաստաթղթի տակ ստորագրել: Եթե այսպես գնա, հաջորդ տարի Գյումրիում սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվի»,-նշեց Վարդևան Հակոբյանը՝ հաստատելով, որ նոր ընտրությունների կարիք կա, իսկ այս ավագանին արդեն իրեն սպառել է:

«Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը հարցի հիմնական լուծումը չէ՝ նա գործառույթների սահմանափակումներ կունենա: Պետք է անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ՝ որքան հնարավոր է շուտ, իսկ մեր քաղաքի խնդիրները հաշվի առնելով, մեզ պետք է սոցիալական արդարություն իրականացնող կառավարման թիմ, որը քաղաքի շահերը վեր կդասի քաղաքական շահերից»,-նշեց  Վարդևան Հակոբյանը:

Անդրադառնալով քաղաքի ամանորյա զարդարանքին՝ ավագանու անդամը նշեց՝ այս հարցը ևս փակուղու առաջ է: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, ԱԺ ամբիոնից Գյումրիին տոնածառ խոստացավ նվիրել, սակայն քաղաքի զարդարումն ու երեխաների տոնական պարկերը մնում են: Եթե մենք այսօր ժամ առաջ դա չանենք, էլ չենք հասցնելու՝ գումար հատկացվել է բյուջեից, բայց մրցույթ չի հայտարարվել, եթե նույնիսկ մրցույթը հայտարարվի, համայնքապետ չկա, որ ստորագրի դրա տակ, այսինքն՝ Գյումրին այս հարցում ևս փակուղու առաջ է կանգնած»,-ավելացրեց Վարդևան Հակոբյանը:

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը խնդրի լուծումն իրավական դաշտում է տեսնում և նշում է, որ գործող օրենքի համաձայն՝ քաղաքապետի պաշտոնակատար չենք կարող ունենալ: «Նախնական ընտրությունը «Քաղաքացիական պայմանագրի» ներքին գործն է, բայց քաղաքապետի պաշտոնակատար նշանակելն այլ հարց է. սա նշանակում է՝ տանում են օրենքի փոփոխության, ինչը կնշանակի վարչական ռեսուրսի օգտագործում: Պետք է նախ հասկանանք՝ ինչ ճանապարհով ենք ուզում առաջ գնալ՝ որպես ժողովրդավար երկիր, թե՞ վարչական ռեսուրսի օգտագործմամբ»,-նշեց Կարեն Մալխասյանը:

«Մինչ օրս նման փորձ չի եղել, երբ քաղաքապետ և տեղակալներ չլինեն: Այս պարագայում կարելի է ոչ թե ընտրական օրենսգիրքը, այլ որոշ դրույթներ փոփոխել՝ Ընտրական օրենսգրքով ընտրությունների կազմակերպման որոշ լիազորություններ պատվիրակված են համայնքի ղեկավարին: Մասնավորապես, համայնքի ղեկավարը Ընտրատարածքային հանձնաժողովի հետ ընտրական տեղամասերն է կազմավորում, ապահովում է կահավորումը և տրամադրում է քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր: Իրականում որևէ պաշտոնյայի բացակայությունը կամ անգործությունը չի կարող ընտրություններ չանցկացնելու հիմք հանդիսանալ, քանի որ դա սահմանադրական նորմ է, և դրա համար պատասխանատու կառույցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Մենք հնարավորություն ունենք առանց պաշտոնակատար նշանակելու կազմակերպել Գյումրիում արտահերթ ընտրություններ: Կատարեք փոփոխություն Ընտրական օրենսգրքում՝ վերոնշյալ գործընթացները պատվիրակելով այլ անձանց կամ մարմինների՝ համայնքի ղեկավարի բացակայության դեպքում»,-նշեց Կարեն Մալխասյանը:  

Անդրադառնալով քաղաքի հաջորդ տարվա բյուջեի հարցին՝ Կարեն Մալխասյանը ներկայացրեց Վանաձորի օրինակը՝ առաջ շարժվել նախորդ տարվա բյուջեով մինչև նոր ավագանու հաստատումը:

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը ևս հարցի լուծումն օր առաջ արտահերթ ընտրություններն է համարում: 

«Նոյեմբերի 8-ին ՔՊ-ի նախաձեռնությամբ հրավիրվել էր ավագանու արտահերթ նիստ, սակայն այն չի գումարվել: Պետք էր, որ ավագանու 17 անդամ ներկա լիներ, բայց ներկա էր միայն 11-ը: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ եթե համայնքի ավագանին երեք ամիս և ավելի շարունակ նիստեր չի գումարում, կառավարությունն ունի իրավունք համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու»,-նշեց ավագանու անդամը:

Անդրադառնալով ՔՊ-ի որոշմանը Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ՝ Նարեկ Միրզոյանն ասաց, որ խնդիրն այն է, որ ՔՊ-ն այդպիսով ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսի տիրապետելու և վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորություն է ստանում:  

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի համար զարմանալի է մյուս խմբակցությունների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեղադրելը, այն դեպքում, երբ հենց ՔՊ-ի առաջարկած ավագանու նիստը ամենակարճ ճանապարհն էր արտահերթ ընտրությունների գնալու համար, ինչը մերժվեց մյուս խմբակցությունների կողմից:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընթացքում փորձ արեց ավագանու նիստ հրավիրել՝ օրակարգում ունենալով համայնքի ղեկավարի ընտրության հարցը, բայց ավագանու մյուս խմբակցությունները չներկայացան նիստին այն դեպքում, երբ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ մենք չենք առաջադրելու թեկնածու և որևէ թեկնածուի օգտին չենք քվեարկելու: Մեր այս քայլը ուներ մեկ նպատակ՝ գնալ արտահերթ ընտրությունների և լեգիտիմ պայմաններում Գյումրիում ձևավորել իշխանություն»,-նշեց Քնարիկ Հարությունյանը՝  վստահեցնելով, որ ամենաժողովրդավար ճանապարհը նոր ընտրություններն են։ 

Նա զարմանալի է համարում, որ ավագանու մյուս խմբակցություններն այդպես էլ ՔՊ-ի հրավիրած նիստին չմասնակցեցին, և դրա պատճառով հնարավոր չեղավ քվորում ապահովել ու արտահերթ ընտրությունների գնալ: 

«Ինձ համար անհասկանալի է մյուս խմբակցությունների նման պահվածքը, հատկապես, երբ իրենք ևս հղում են անում, որ արտահերթ ընտրությունների գնալը ճիշտ ճանապարհ է: Մեր առաջարկած ավագանու նիստը ամենակարճ ճանապարհն էր արտահերթ ընտրությունների գնալու, ինչը մերժվեց նրանց կողմից»,- նշեց Քնարիկ Հարությունյանը:

Կարևորելով Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտությունը՝ Քնարիկ Հարությունյանը նշեց, որ կան գործառույթներ, որոնք բացառապես վերապահված  են համայնքի ղեկավարին: 

«Դրանից ելնելով՝ մենք օրենքում որոշակի փոփոխություններ պետք է անենք՝ արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար: Հիմա մենք ստիպված ենք օրենքում փոփոխություններ կատարել, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի այդ պրոցեսներն իրականանան, և քաղաքը կառավարվի»,- ասաց Քնարիկ Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար քաղաքում դեկտեմբերի 8-10-ը կանցկացվեն նախնական ընտրություններ։ Գործընթացը կիրականացվի հետևյալ ձևաչափով․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների և համախոհների շրջանակից կխնդրեն ինքնաառաջադրվել կամ առաջադրել թեկնածուներ։ ՔՊ-ն կանցկացնի նախնական ընտրություններ Գյումրիի բնակիչների շրջանում՝ պատահականության որոշակի սկզբունքով։ Նախնական ընտրությունների հաղթողը կնշանակվի Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար և մեծ հավանականությամբ կլինի ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու հաջորդ ընտրություններին։

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս